Հայաստանում, եթե չասեմ բացակայում են, ապա պակասում են քաղաքական հարթակներ, որտեղ մենք կարող ենք քննարկումներ ունենալ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնում «Հայաստանը 2020-ի նախաշեմին. մարտահրավերներ, հնարավորություններ, զարգացման սցենարներ» խորագրով տարեվերջյան համաժողովի ժամանակ հայտարարեց Արմեն Աշոտյանը:
Աշոտյանի խոսքերով, բացի մի քանի բացառություններից, վերջին 1,5 տարվա ընթացքում հնարավոր չէ գտնել հարթակ, որտեղ հնարավոր կլինի միաժամանակ լսել և ընդդիմության, և իշխանության կարծիքները. «Մենք կարծես ապրում ենք զուգահեռ քաղաքական դիսկուրսներում: Ես հասկանում եմ, որ մեղավորությունն իշխանությանն է: Իշխանությունները փորձում են ամեն կերպ վիժեցնել արտախորհրդարանական քաղաքական միտքը, այդ թվում՝ հանրային: Չեն գալիս նման հարթակներում կարծիք հայտնելու, որովհետև չեն ուզում իրենց կենցաղային լեզվով ասած, մեզ բանի տեղ դնել: Իհարկե դա տապալված ռազմավարություն է, քանի որ այս մեկ տարվա ընթացքում Հայաստանում քաղաքական օրակարգը մեծամասամբ ձևավորվել է արտախորհդարանական շրջանակներից: Մենք կանք՝ իրենցից անկախ, մենք ունակ ենք մտածել, ունենք խոսելու խիզախություն, և վարչապետի կողմից տրված բանի տեղ չդնելու հրահանգն արդյունք չի տալու»:
Աշոտյանի խոսքերով, երկրորդ պատճառն այն է, որ 2018 թվականի բանավեժերը ցույց տվեցին՝ իշխանության որևէ ներկայացուցիչ որևէ թեմայով ունակ չէ համոզիչ լինելու. «Նրանք կրվել են բոլոր քաղաքական դիսկուրսները, ինչը փաստ է, ու հիմա վախենում են մեզ հետ թեմատիկ ու բովանդակային քննարկումներից»: