Հայաստան 

Ի տարբերություն Ձեզ, ես չեմ պատրաստվում պատասխանել Ձեզ ձեր ոճով. Դավիթ Հարությունյանը՝ Արծվիկ Մինասյանին

Այսօր Ազգային ժողովում 2014-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչու կառավարությունը խորհրդարանին նախագծերը չի ներկայացնում ամբողջական տեսքով: 

 

Մինասյանը նաև նկատել է, որ կառավարությունը չի հրապարակում փորձաքննությունների եզրակացությունները: Մի քանի ցուցանիշների բացակայությունը կատարողական հիաշվետվությունում պատգամավոր Մինասյանին, ստիպել է հետաքրքրվել. «Ասացեք, տեսնեմ, ինչպես պետք է այս փաստաթղթի հիման վրա գնահատենք ձեր գործունեությունը»:

 

Հարությունյանը նախ ասաց, որ իրենք չեն խորհուրդ տալիս` ինչպես գնահատել, հետո նկատեց, որ իր կարծիքով, պատգամավորը վրիպել է, քանի որ այդ ցուցանիշները իր մոտ կատարողականի տարբերակում նշված է: 

 

«Կարող ենք փոխանակել թղթերը», -առաջարկեց Հարությունյանը և իր փաստաթղթերը տվեց Մինասյանին: 

 

Փոխարենը Հարությունյանը վերցրեց պատգամավորի մոտ եղած թղթերը, նայեց ու բացատրեց, որ պատգամավորը նայել է որակական ցուցանիշները, մինչդեռ իրենք քննարկում են քանակական ցուցանիշները: 

 

«Երբ բյուջեն հաստատվում էր որակական ցուցանիշ չկար, այլ կային քանակական ցուցանիշներ: Հիմա դուք տեսել եք մի տող, որը կիրառելի չէ ու դատարկ է ու դրանից այստեղ պատմություն եք սարքել ու ասում` ինչպես պետք է գնահատենք: Պետք չի»,-դիմելով Մինասյանին, ասաց Հարությունյանը:

 

Ինչ վերաբերում է Մինասյանի մատնանշած մյուս խնդրին` կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններին, Հարությունյանն ընդունեց, որ հնարավոր է լինեն թերություններ, պարզապես պետք է դրանց մասին ահազանգել շատ շուտ` շտկելու համար: 

 

«Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվությունը աշխատակազմի ցանկացած սխալի համար», -նկատեց Հարությունյանը:

 

Անդրադառնալով փորձաքննությունների եզրակացությունները հրապարակային չդարձնելուն, Հարությունյանը Մինասյանին վստահեցրեց, որ պատգամավորը կարող է դրանք տեսնել նույն տեղում, որտեղ նախկինում տեսել է դրանք: 

 

«Դա ստանդարտ գործընթաց է: Տպագրվում է միշտ նույն բաժնում, որտեղ դուք գտել եք նախորդ տարիներին, կգտնեք նաև այս տարիներինը», -ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

 

Դաշնակցական պատգամավորն անզիջում էր և իր արձագանքման հնարավորության ժամանակ ասաց. «Ի տարբերություն Ձեզ, ես շատ լավ տիրապետում եմ արդյունքային ցուցանիշների թե քանակական, թե որակական պահանջների: Այն, որ բյուջեում քանակական նկարագիր է եղել, դա ձեզ չի ազատում որակական նկարագիրը տալուց: Ես պատահական հարց չտվեցի: Դուք այստեղից գնացել եք կառավարություն, փոխանակ ավելի բարելավեք, ասում եք` չեք պատրաստվում…Մի պատրաստվեք, մենք այդքան ունակություն ունենք տարբերակել, գնահատակններ տալ»:

 

Դավիթ Հարությունյանն ի պատասխան հայտարարեց, որ իրեն զարմացրել է Արծվիկ Մինասյանի «դաստիարակչական ելույթը»: 

 

«Առաջին անգամն է նման բան: Ավելին, փորձել վիրավորական տարրեր ներմուծել խոսքում, դա դարձյալ նորություն է ինձ համար, պարոն Մինասյան: Ի տարբերություն Ձեզ, ես չեմ պատրաստվում պատասխանել Ձեզ ձեր ոճով: Բայց այս փոփոխությունը ինձ իսկապես, մտահոգեց, մի քիչ էլ զարմացրեց: Չգիտեմ ինչով է դա պայմանավորված: Այն, ինչ ներկայացված է ձեզ, ներկայացված է շատ հստակ: Իսկ գնահատականներ կարող եք տալ ինքներդ», -դիմելով Մինասյանին հայտարարեց Դավիթ Հարությունյանը:

Նույն շարքից