ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած Շվեյցարիայի արտգործնախարարը խոսել է առաջնահերթությունների մասին` ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում, ասվում է ԵԱՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Դիդյե Բուկհալթերը նշել է, որ կառույցի նախագահությունը ստանձնելը մեծ պատասխանատվություն է, և 2014թ.-ին այն ուշադրություն է դարձնելու ԵԱՀԿ-ի անվտանգությանն ու կայունությանը։
Ի թիվս այլ հարցերի՝ արտգործնախարարն անդրադարձել է նաև Կովկասի սառեցված հակամարտություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրին։
«Մենք բոլորս պատասխանատու ենք այդ հակամարտությունների արդար և երկարատև լուծման համար։ Մենք գիտենք, որ այդ խնդիրները մի գիշերում լուծել հնարավոր չէ։ Արդյունքի հասնել հնարավոր չի լինի, եթե դա չեն ցանկանում կողմերը։ Շվեցարիան շարունակելու է աջակցել Մինսկի խմբի համանախագահներին՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների հանդիպում կազմակերպելու հարցում»,-ասել է Շվեյցարիայի արտգործնախարարը։