Ուկրաինացի հայտնի քաղտեխնոլոգ Վիկտոր Ուկոլովը մեկնաբանել է Եվրախորհրդարանի ավստրիացի պատգամավոր Էվալդ Շտադլերի Facebook-յան գրառումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ, տեղեկացնում է analitikaua.net-ը։
Փորձագետի խոսքով՝ պետք է սկսել Ռուսաստանից՝ որպես հիմնական պետություն, որն ազդում է տարածաշրջանում իրավիճակի վրա։
«Երբ Ռուսաստանը ճանաչի Ղարաբաղը, Հայաստանից և Ադրբեջանից ավելի հեռու գտնող երկրները կկարողանան հստակեցնել իրենց դիրքորոշումն այդ հարցում»,-ասել է Վիկտոր Ուկոլովը։
Փետրվարի 5-6-ին Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության 14-րդ նիստը։ Մեկնաբանելով Ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավորությունն առանց Ստեփանակերտի մասնակցության՝ եվրոպացի պատգամավորը նշել էր. «Եվրոպական միությունն ու այդ միության երկրները պետք է ճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես ինքնիշխան պետություն։ Այդ պատճառով ես, որպես մեսիջ, նախատեսում եմ Ավստրիայում ստեղծել Ավստրիա-ԼՂՀ բարեկամության խումբ»։