«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ կոչ արեց բոլոր քաղաքացիներին միանալ ամսի 27-ին էլեկտրաէներգիայի սակագնի դեմ անցկացվող երթին:
«Պետք է մասնակցել և ներկայիս ռեժիմին ասել, որ նրանք ամեն ինչ չեն կարող մարսել»,-ասաց նա և դժգոհեց, թե ԱԺ այս քառօրյայում կարևոր հարցերը չեն քննարկվել, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը չբացառեց, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կարող է ընդդիմադիր կուսակցությունների միավորման առիթ հանդիսանալ։
Պատգամավորը պնդեց, թե ՀԷՑ-ում թալան է եղել և էներգետիկայի նախարարը ճիշտ է ասել, որ թալան է եղել:
«Սակայն այն, որ ասում է, թե չունի ապացույցներ, դա արդեն դեմագոգիա է, քանզի նույն բանն ասացին «Նաիրիտ»-ի դեպքում։ Թալանի համար պատասխանատու է ոչ միայն ՀԷՑ-ը, այլև կառավարությունն ու իշխանությունը։ Եթե կա թալանի մասին տեղեկատվություն, ապա այն պետք է կառավարությունն ու իշխանություններն անհապաղ ուսումնասիրեն, եթե իհարկե, իրենք չեն կանգնած թալանի հետևում»,- ասաց նա: