Հասարակություն 

ԽՍՀՄ տարիներին «հայրենասերները» 3 հարկանի տուն ունենալու մոլուցքով չէին տառապում

«Ինչո՞ւ է ոմանց թվում, թե խորհրդային Հայաստանում ազգասերներն ավելի քիչ էին, քան հիմա.
Դեռ 90-երի սկզբներին, երբ վանկարկում էին, որ Խորհրդային Հայաստանը բոլոր առումներով մեր ազգի պատմության ամենավատ էջերից մեկն է եղել, չգիտես թե ինչու ես լռում էի և չէի հակադրվում վանկարկողներին, միգուցե մտածում էի, որ մի բան կա, որ ես չեմ հասկանում, միգուցե այն ժամանակ մտածում էի, որ ասողներն ավելի փորձառու մարդիկ են, որ նրանք հիրավի ազգասերներ են և գիտեն իրենց խոսքի արժեքը, միգուցե ես լռում էի քանզի մտածում էի հետևյալ կերպ` այ մոտ ապագայում կտեսնեմ, թե ինչ է նշանակում ապրել արժանավայել, հային հարիր կերպով, միգուցե…

Այսօր որոշ պատմաբաններ այնքան են շեղվել պատմական իրականությունից, որ առանց խղճի խայթի զրոյացնում են Խորհրդային տարիներին ապրող և արարող մարդկանց արժանիքները: Եթե նրանց լսես, ապա իսկական հայրենասերներն ի հայտ եկան միայն 90-երին: Նրանք չգիտես թե ինչու աշխատում են իրենց աշխատություններում չհիշատակել այն մարդկանց անունները, ովքեր չնայած դաժան ռեժիմի առկայությանը, պայքարում էին…

Ինչու՞ են պատմաբանները մոռանում, որ նույն ակտիվ կոմունիստի համբավ ունեցողների մեջ կային մարդիկ, ովքեր դեռ այն ժամանակ չվախենալով լավագույն դեպքում կորցնել կուսակացական տոմսը, խոսում էին արևմտյան Հայաստանի հողերի մասին, խոսում էին նույն ԼՂՀ-ի տարածքների մասին, սակայն իրենց ամբողջ էությամբ նրանք սոցիալիստ էին և շարժվում էին կոմունիստական գաղափարներով: Ինչո՞ւ է ոմանց թվում, որ կոմունիստ լինելով հանդերձ մարդը ազգասեր չէր կարող լինել, ինչո՞ւ է ոմանց թվում, որ կոմունիստները միայն վնաս են տվել մեր ազգին, սա ինչ անհեթեթ չհիմնավորված կարծրատիպ է, որը նստած է այսօրվա որոշ քաղաքական գործիչների մտածելակերպում:

Երբ ես ուշադիր նայում եմ այսօրվա եղանակ ստեղծող քաղաքական որոշ գործիչներին, ապա գալիս եմ այն եզրակացության, որ նրանք ոչ մի առավելություն չունեն այն տարիներին թեկուզ կոմունիստ համարվող հայրենասերներից: Ավելին, ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել թե այսօրվա որոշ քաղաքական գործիչներ համարձակություն կունենային որոշ կոմունիստների նման պարտիական ժողովներին բարձրացնել այնպիսի ազգասիրական խնդիրներ, որոնք այն ժամանակ խիստ տաբուի տակ էին, թե ոչ:

Հ.Գ. Համենայնդեպս այն ժամանակվա հայրենասերները երեք հարկանի տուն ունենալու մոլուցքով չէին տառապում...
Կարեն Թումանյան

 

Նույն շարքից