ԱԺ ոչ իշխանական 4 ուժերն այսօր համատեղ նիստի ընթացքում քննարկել և որոշել են Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը հետաձգել. այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Կառավարության անվստահություն հայտնելու հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են, և այս պահին վերջնական որոշում չկա։ Այս քառօրյայում չենք հայտնելու, դեռ հասունացած չէ»,-նշեց նա:
Արմեն Ռուստամյանը նշեց, թե բացի Կառավարությանն անվստահությունն հայտնելու հարցից, քննարկել են «Մարտի 1-ի» հարցով հանձնաժողով ստեղծելուն, գազի վերաբերյալ հանձնաժողով ձևավորելու մեծամասնության առաջարկին և ՀՅԴ-ի կողմից «Նաիրիտի» հետ կապված հանձնաժողով ստեղծելու առաջարկին վերաբերող հարցեր:
Հարցին, թե Կառավարության անվստահություն հայտնելու հարցում տարաձայնություննե՞ր կան՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ անշուշտ կան, բայց տարաձայնությունները կապված են մոտեցումների ու պատկերացումների հետ, իսկ նպատակը՝ ձևակերպված է:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը հավելեց, թե դեռևս աշխատում են նախաձեռնության բովանդակային մասի վրա, ինչպես նաև՝ մարտավարական և այդ պատճառով խոհանոցը չի կարող բացել։
Հարցին, թե հնարավո՞ր է՝ հրաժարվեն այդ գաղափարից, Ռուստամյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է, մենք ի սկզբանե մեկ սկզբունքով ենք առաջնորդվել, որ եթե չենք կարողանում հասնել հեռանկարային ավելի մեծ օրակարգով համաձայնության, դա չպիտի խանգարի փոքր քայլերով առաջ գնալուն»։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ավելի վաղ ասել էր, որ վարչապետի կոնկրետ անուն 4 ոչ իշխանական ուժերը չեն կարող տալ, քանի որ «նրանց ամբիցիաները թույլ չեն տա դա անել»:
«Վաղը թող Նախագահն ասի՝ ես փոխում եմ Կառավարությունը, բայց ավելի շատ իմ կուսակցությանը կհորդորեմ ընդդիմության կողմից առաջարկված թեկնածուին ընտրել։ Թող տենց շանս տան՝ գնացեք մեկին առաջարկեք, Նախագահին ասենք, որ մենք էլ ենք պաշտպանում այդ մեկին, մենք էլ համաձայնվենք, նախագահը 6 խմբակցություններին էլ կանչի, ասի՝ ես կոչ եմ անում մեծամասնությանը պաշտպանել իրենց թեկնածուին։ Կգա՞ն դրան, թող ասեն, օդի մեջ բաներ չասեն, եթե կտան այդ հնարավորությունը, և ընդդիմությունը հավաքվի ու մեկին չի գտնի, այդ ժամանակ կասենք՝ ճիշտ է ասում այդ մարդը՝ մենք իրար հետ լեզու չգտանք»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե նման գործելաոճի պատճառով են իշխանության ներկայացուցիչները հայտարարում, թե ընդդիմությունը վարչապետի պաշտոն է ուզում, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Մենք վարչապետի պաշտոն չենք ուզում, այլ իրավիճակի փոփոխություն ենք ուզում»։