Ազգային ժողովի նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդարանական 6 խմբակցությունների և կառավարության խորհրդակցությունը՝ շրջանառության հարկի մասին օրենքի վերաբերյալ: Խորհրդակցության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ կողմերը բանակցությունների արդյունքում մնացին իրենց դիրքորոշմանը: «Կառավարությունը մնաց իր դիրքորոշմանը, որ օրենքը պետք է կիրառվի, մենք էլ պնդում ենք մեր առաջարկած փոփոխությունները և օրենքի որոշ դրույթների կասեցումը»,- ասաց Մելքումյանը:
Նա ընդգծեց, որ կառավարության կողմից չեն ընդունվել իրենց առաջարկները օրենքով նախատեսված պատիժների մասին դրույթը կամ տարեկան շրջանառության շեմը բարձրացնելու վերաբերյալ:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ բանակցություններն արդյունք չեն տալիս: Նա ընդգծեց, որ կառավարությունը չի ցանկանում զիջումների գնալ այս հարցում: