Հասարակություն 

Կարծում եմ, որ լուրջ հետևություններ կանի Երանոսյանը. Վլադիմիր Գասպարյան

«Հաղթանակ» զբոսայգում մեկնարկած Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի նվիրված միջոցառման ժամանակ, լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը անդրադարձավ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի՝ մուրացող կնոջը հասցրած վիրավորանքին։



«Երեկ Երանոսյանը, ես գիտեմ, որ խոսել է, մեկնաբանություններ տվել է, բացի դրանից նա եղել է ինձ մոտ, ես եմ խոսել նրա հետ, եթե ծանոթ չեք իր պարզաբանումներին, կխնդրեի ծանոթանալ: Ես կարծում եմ, որ լուրջ հետևություններ կանի Երանոսյանը»,- ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:



Հիշեցնենք, որ երեկ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը իրենից գումար մուրող կնոջն ասել էր՝ դեռ չես սատկել: Հարցին, թե չի կարծում, որ Երանոսյանն իրավունք չուներ նման կերպ խոսելու, նա ասաց. «Իհարկե, ես կարծում եմ»:

 

Հարցին, թե իր մատնանշած կերպարի մեջ տեղավորվում է Երանոսյանը, նա ասաց, որ Երանոսյանն ունի իր անցած ուղին, առանձնահատկությունները: «Երբ որ հասկանամ, որ Երանոսյանը ձեր ենթադրյալ կերպարն է, չկասկածեք, որ մեր համակարգում չի կարող աշխատել, բայց այդպես չէ»:



Ոստիկանապետը նկատեց, որ հաճախ լրագրողներն են թեժացնում նման իրավիճակները:«Գրելուց առաջ մի պահ մտածեք՝ արժի՞ թեժացնել դա, թե՞ ավելի արդյունավետ լուծում կարելի է տալ: Լավ մի բան թույլ տվեց, հիմարություն թույլ տվեց, աշխարհը շուռ տվեցին... Նման սայթաքումներ կարող են ունենալ բոլորը»:

Նույն շարքից