Հայաստան 

Կարևոր է սպանելու քայլին գնալու դրդապատճառը պարզելը. Փաշինյան

Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության բացահայտման համար կարեւոր է, որ նախաքննությունը վարեն ՀՀ քննչական մարմինները, որպեսզի հայ հասարակությունը կարողանա վերահսկել դրա ընթացքը: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը ներկա էր Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությանը:


«Քրեական գործի նախաքննական ընթացքին հետեւելու հնարավորություն հայկական կողմը չունի, քանի որ գործը գտնվում է ռուսական մարմինների վարույթում: Ես կարծում եմ, որ ճշմարտության բացահայտման գործում կարեւոր է, որ նախաքննությունը վարեն Հայաստանի քննչական մարմինները:  Այդ կերպ Հայաստանի հանրությունը, լրագրողները, պատգամավորները կօգտվեն օրենքով սահմանված հնարավորություններից՝ նախաքննության ընթացքին հետեւելու, տեղեկանալու, վերահսկելու դրա օրինականությունը: Երբ գործը գտնվում է ռուսական մարմինների վարույթում, մենք փաստացի այդ հնարավորությունից զրկված ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Պատգամավորի խոսքով՝ հայ հանրության համար կարեւոր է ոչ միայն տեսնելը, որ հանցագործը դատապարտվել է, այլեւ հանցագործության դրդապատճառին եւ հանգամանքներին ծանոթանալը:


«Շատ կարեոր է որ մեզ պարզ լինեն բոլոր փորձաքննությունների արդյունքները, մեզ համար պետք է մութ կետ չմնա: Մենք պետք է համոզված լինենք, որ բացահայտել ենք ճշմարտությունը: Այնպես չի, որ մենք այսօր գիտենք՝ ինչ է տեղի ունեցել, եւ ինչու է տեղի ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նույն շարքից