Քաղաքական 

Կլինի 12 նախարարություն, իսկ Տիգրան Ավինյանը «մաքուր» է

Այո, այդ մասին նախընտրական շրջանում ասվել է, կփորձենք 12 նախարարությունների շրջանակում տեղավորվել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կառավարության կազմում սպասվելիք փոփոխությունների մասին:

Առաջին փոխվարչապետի հաստիքի կրճատման մասով Փաշինյանը նշեց, որ այդպիսի առաջարկ կա. «Կտեսնենք»:

Վերջնական որոշում չկա նաև «Իմ քայլը» դաշինքի խորհրդանական խմբակցության ղեկավարի մասով, որտեղ մամուլը «նշանակում» է Լիլիթ Մակունցին:

Ինչ վերաբերում է այն հրապարակումներին, որ իշխանական ուժի կազմում պաշտոնների բաժանումը կարող է ներիշխանական խնդիրներ առաջացնել, Փաշինյանն ասաց, որ պաշտոնների բաժանման հասկացություն չկա. «Նշանակումները որևէ խնդիր չեն կարող հարուցել»:

Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաև Տիգրան Ավինյանի անվան հետ կապված կազմակերպությանը 35 միլիոնի գրանդ տալու մասին: Փաշինյանը մասնավորապես նշեց, որ ստուգումների արդյունքում պարզվել է, որ գրանդ ստանալու գործընթացը սկսվել է 2018 թվականի փետրվարից և փուլերը հաղթահարվել են մինչև այն պահը, երբ նա նշանակվել է փոխվարչապետ:

Փաշինյանի համար տարօրինակ չէ, որ գրանդը հաստատվել է հենց այն օրը, երբ Ավինյանը նշանակվել է փոխվարչապետ, քանի որ դա նշանակում է, որ ոչ մի ազդեցություն չի եղել:

«Կառավարության կազմի վերաբերյալ ես իմ պատկերացումներն ունեմ, բայց երբ նշանակումները լինեն, դուք այդ ժամանակ կիմանաք»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ նախկին կառավարությունից մարդիկ հայտնվեն նոր գործադիրում, Փաշինյանը նշեց, որ անակնկալներ չեն լինելու:

Նույն շարքից