Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, ով այսօր նույնպես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր հարգանքի տուքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, լրագրողների հետ զրույցում հանդես եկավ կոչով:
«Կոչ եմ անում թուրքական իշխանություններին, թուրք ժողովրդին, որպեսզի իրենց մեջ ուժ գտնեն, ճանաչեն Հայոց ցեղասպանությունը և հրապարակայնորեն ներողություն խնդրեն հայ ժողովրդից»,-ասաց նա:
Վերջինս նաև նշեց, որ միևնույն ժամանակ Թուրքիան ամեն օր ցեղասպանություն է իրագործում քրդերի նկատմամբ: «Կոչ ենք անում թուրքական իշխանություններին դադարեցնել քրդերի նկատմամբ կատարվող ցեղասպանությունը»,-ավելացրեց նա՝ ընդգծելով, որ եթե Թուրքիան միջազգայնորեն ճանաչի հայերի Ցեղասպանությունը, դա դաս կլինի թուրք ժողովրդին, որ նման բան չանեն քրդերի նկատմամբ, որոնցից հազարավոր երիտասարդներ այսօր բանտերում նստած են և խոշտանգվում են։
«Մենք դատապարտում ենք բոլոր ազգերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունները»,-եզրափակեց նա: