Հալեպում ստեղծված ծայրահեղ ծանր վիճակի պատճառով բազմաթիվ հալեպահայեր դիմել են «Հալէպ» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության՝ օգնելու համար իրենց ձեռք բերել մեկ ուղղությամբ թռիչքի տոմս դեպի Հայաստան: Այդ մասին վկայակոչելով «Aleppo» ոչ կառավարական կազմակերպությանը, տեղեկացնում է Asbarez-ը:
«Հաշվի առնելով հայկական համայնքի խիստ ծանր դրությունը՝ «Հալեպ» կազմակերպությունը կոչ է անում ականջալուր լինել և հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել ծանր դրության մեջ հայտնված և օգնության խնդրանքով դիմած մեր հայրենակիցներին:
Հարկ է նշել, որ Հալեպից Հայաստան տեղափոխվելու գումարը յուրաքանչյուր անձի համար մոտավորապես 488 տոլար է:
Նրանք, ովքեր ունեն սիրիական անձնագիր և Հայաստան մուտքի վիզա, ապա Հալեպ-Լիբանան-Երևան հասնելու ծախսերն են.
– 50 դոլար Լիբանան հասնելու համար
– 5.17 դոլար ելքի արտոնագրի համար
– 20 դոլար Լիբանանի օդանավակայան հասնելու համար
– 360-380 դոլար MEA ընկերության օդանավի տոմս, մեկ ուղղությամբ՝ Լիբանանից Հայաստան, ներառեալ 30 կգ ապրանք
– 8 դոլար Երևանի օդանավակայանի ծախսերի համար
– 25 դոլար այլ ծախսերի համար
Այսպես, յուրաքանչյուր անձի համար ընդհանուր գումարը կազմում է 488 դոլար:
Այս հաշվարկը կատարված է նկատի ունենալով, որ 1 դոլարը հավասար է 290 սիրիական ոսկիի: Յուրաքանչյուր բարերարի պիտի տրամադրվի իր հովանավորած անձի հետ կապվելու տվյալները», -ասված է հաղորդագրության մեջ:
Կազմակերպությունը հաղորդագրության մեջ նշում է, որ հավելյալ մանրամասների համար կարելի է դիմել «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության, հետևյալ հեռախոսահամարներով՝ (00374)-10-545369 կամ (00374)-77-260715: