Բյուջեի կատարողականի քննարկմանն այսօր ԱԺ-ում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց, թե եկամտահարկի և շահութահարկի մասին փոփոխված օրենքը, որը վերաբերում էր արտագնա աշխատողներին հարկելուն, արդյո՞ք կանդրադառնա միգրանտի նպաստառու ընտանիքներին վրա, ովքեր գրանցված եկամուտ ունենալով՝ կզրկվեն նպաստի իրավունքից:
Նախարարը նշեց, որ համակարգում ընտանիքների անապահովության միավորը հաշվարկվում է տարբեր կոմպոնենտներից ելնելով, այդ թվում՝ եկամուտ ունե՞ն, թե ոչ:
Նա բացատրեց, որ եթե անձը, ընտանիքը եկամուտ ունի, բնական է, որ նպաստը պետք է տրամադրվի առավել անապահովի:
«Եկամուտը մենք պարզում ենք հարկային մարմնի կողմից տեղեկատվական համակարգի միջոցով, այսինքն, եթե պայմանական ասեմ՝ ոչ ֆորմալ եկամուտ կա, որը չի երևում որևէ կերպ, որ անձը զբաղված է, բացի այն, որ սոցիալական աշխատողը կարող է որևէ կերպ բացահայտել, ապա այդ եկամուտը չի երևում և ազդեցություն չի ունենա, իսկ եթե ֆորմալ եկամուտ է և տեղեկատվական համակարգում գրանցված է, դա ազդեցություն կթողնի»,-ասաց նա:
«Այս առումով, դեռ բավականին հարցեր կան, որոնք պետք է պարզաբանումներ ստանան, հստակեցվի նշված խնդիրը»,-ասաց նա:
ԲՀԿ պատգամավորն արձագանքեց, որ դա իսկապես խնդիր է:
«Մարդը գնում է աշխատելու մինչև այդ օրենքի ընդունումը, աշխատում է, հաշվառված չէ, ռեզիդենտ չէ, ոչ մի տեղ չի երևում ՀՀ-ի հարկային համակարգում։ Հիմա այդ շինարարական կազմակերպությունը հաշվետվություն է տալու և տեսնելու են, որ եկամուտ է ստանում։ Նպաստ ստանալո՞ւ է, թե ոչ, լուրջ խնդիր է, մարդիկ պետք է իմանան»,-ասաց նա։