Համբույրներ և ջրցան մեքենաներ, երեք ամուսնություն և վնասվածքների տարափ. արդեն մոտ 2 շաբաթ Երևանում շարունակվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերը չեն դադարում՝ չնայած իշխանությունների կողմից զիջումներին, գրում է Մարիաննա Գրիգորյանը EurasiaNet.org-ի համար: Հոդվածը նաև վերահրատարակել է բրիտանական The Guardian-ը։
Հեղինակը հիշեցնում է, որ հարյուրավոր քաղաքացիներ են բերման ենթարկվել ցույցերի ժամանակ, իսկ լրագրողների տեխնիկան ոչնչացվել է, անզեն քաղաքացիների վրա ջրցան մեքենայի կիրառումն արժանացել է դատապարտման մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերի կողմից:
Այս ընթացքում ցույցերը ստացել են ավելի ու ավելի ուրախ երանգ. երեք զույգ որոշել է ամուսնանալ հենց ցույցի վայրում։
Բողոքի հիմքում իշխանությունների և նրա բիզնես գործընկերների ավանդական հարաբերություններն են. այս դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, որը պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը, որն էլ սերտ կապեր ունի Կրեմլի հետ։
Ցուցարարներին զայրացրել են տեղեկությունները, որ, օրինակ, ընկերությունը 450 միլիոն դրամ է ծախսել շքեղ մեքենաների համար։
Որոշ մեկնաբաններ կարծում են, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի արած առաջարկները բավականաչափ կերպով չեն լուծում զայրույթի հիմքում ընկած խնդիրները: Ցույցերի ընթացքում չեն ձևավորվել այլընտրանքային ճանապարհներ, որոնք կարող են փոխարինել երկրում գոյություն ունեցող կոռուպցիոն համակարգը, և այդ այլընտրանքի բացակայությունը հուսադրող է Մոսկվայի համար, որը Երևանում զարգացող իրադարձություններին զգուշավորությամբ է մոտենում՝ փնտրելով ուկրաինական հեղափոխության կրկնվելու նշաններ, գրում է հեղինակը։
Որոշ անհատական պոռթկումներից բացի՝ ցուցարարները, սակայն, նշել են, որ նրանց թիրախը Ռուսաստանը չէ:
Վերջին օրերին Մոսկվայի կայացրած որոշումը՝ հայկական արդարադատությանը հանձնել Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործը (հիշեցնենք՝ նա մեղադրվում է Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի սպանության համար- Tert.am), կարծես Կրեմլի դեմ զայրույթը թուլացնելու փորձ լինի: Ըստ ցուցարարների՝ այդ որոշումը ցույց է տալիս միայն, թե ինչ չափով է Մոսկվան հասկանում նրանց ուժը։
Աղբյուրը՝ tert.am