ՀՀ ԱԺ պատվիրակությունն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ հունիսի 19-21-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին:
Հունիսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայ պատվիրակները տեղեկացրել են, որ Հայաստանը ստանձնել է ԽՎ նախագահությունն առաջիկա 6 ամիսների ընթացքում: Նրանք իրենց ելույթներում դեմ են արտահայտվել ՍԾՏՀ ԽՎ-ն քաղաքականացնելու փորձերին՝ կարևորելով կազմակերպության՝ տնտեսական ուղղվածությանը հավատարիմ մնալը:
Էդուարդ Շարմազանովը կարևորել է այն փաստը, որ անկախ ներքաղաքական տարաձայնություններից ու կուսակցական մոտեցումներից հայկական պատվիրակությունների անդամներն արտերկրում հանդես են գալիս պետականամետ ընդհանուր դիրքորոշմամբ:
Կայացել են հանդիպումներ ՍԾՏՀ ԽՎ-ում Հունաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի պատվիրակությունների ղեկավարների հետ:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կարևորել է հատկապես Ալբանիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպումը, որի ընթացքում հստակ ընդգծել է, որ Կոսովոյի խնդիրն ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը տարբեր են: Հայկական պատվիրակության ղեկավարը փաստել է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես հայտնի երեք սկզբունքների հիման վրա և Թուրքիան անելիք չունի կարգավորման գործընթացում: ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ քաղաքականությունը և ապակառուցողական մոտեցումը: Նա ընդգծել է, որ Հայաստանը հարևանների հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու կողմնակից է:
«Հայաստանն ինքնիշխան պետություն է և թույլ չի տա որևէ մեկին իր հետ խոսել շանտաժի ու նախապայմանների լեզվով»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:
ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը նշել է, որ Հայաստանի նախագահության շրջանում պետք է ամեն ինչ արվի, որպեսզի կառույցը հավատարիմ մնա իր տնտեսական ուղղվածությանը:
Գագիկ Մինասյանն իր ելույթում անդրադարձել է անդամ երկրներում տնտեսական զարգացման հիմնական առանձնահատկություններին: Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը` նա նշել է, որ քաղաքական դրդապատճառներով շրջափակումը որևէ արդյունք չի տա, այլ լրացուցիչ խնդիրներ կհարուցի տնտեսական բնագավառում: Հայ պատվիրակը փաստել է, որ Հայաստանը, գտնվելով շրջափակման մեջ, այդուհանդերձ կարողանում է ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման արդյունքում ունենալ հաջողություններ:
«Մենք պետք է դատապարտենք տնտեսական շրջափակումները, փակ սահմանները, որոնք չեն բխում մեր կառույցի կանոնադրական դրսևորումներից»,-ասել է Գագիկ Մինասյանը:
Երկրորդ ելույթում կառույցում հայկական պատվիրակության ղեկավարը խոսել է կիբերանվտանգության խնդիրների մասին:
Վահե Էնֆիաջյանը նշել է, որ պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի ու Արցախի շահերը, տարածաշրջանում տնտեսական շրջափակման քաղաքականության դրսևորումները: Հայ պատգամավորն իր ելույթում անդրադարձել է թվային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում մեր երկրի ձեռքբերումներին:
Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ կազմակերպությունը բացառիկ հարթակ է, որտեղ տնտեսական համագործակցության միջոցով կարող է երկխոսություն լինել, որն էլ հետագայում կարող է նպաստել քաղաքական շփումների խորացմանը: Պատգամավորն իր ելույթում խոսել է բարձր տեխնոլոգիաների զարգացման հարցում մեր երկրում իրականացվող քայլերի մասին:
ՍԾՏՀ ԽՎ 52-րդ լիագումար նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերին, Երևանում: