Հայաստան 

Հայաստանը հավատարիմ է մնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Սեյրան Օհանյան

Հայաստանը հավատարիմ է մնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ԵՄ «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթաժողովի մայիսի 22-ի ամփոփիչ հռչակագրում հիշատակվել է Լեռնային Ղարաբաղը:



Այդ փաստաթուղթն աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին: «Մենք բանակցային ճանապարհով խաղաղ կարգավորման կողմնակից ենք: Այն պետք է հավասարների երկխոսություն ստեղծի եւ վստահության մթնոլորտ ձեւավորի: Վերջինս ստեղծվում է այդ թվում նաեւ հրադադարի համաձայնագրի պայմանները պահպանելու արդյունքում: Այն ամենը, ինչը կնպաստի այդ խնդիրների լուծմանը, ինձ համար ընդունելի է»,- նշել է նախարարը:



Հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, անվտանգության տեսանկյունից, տեղաշարժ նկատվո՞ւմ է, Օհանյանը պատասխանեց. «Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր էլ մեր գլխավոր խնդիրներից մեկը, գերակա ուղղությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումն է, որն անհնար է իրականացնել` գտնվելով այս տարածաշրջանում և առանց համագործակցելու տարածաշրջանային երկրների և գերտերությունների հետ: Այն խնդիրները, որոնք նախատեսվել են ԵՏՄ-ի շրջանակներում, ռազմական, ռազմատեխնիկական խնդիրների իրականացման շրջանակներում պահպանվում են»,- եզրափակեց նախարարը:

Նույն շարքից