ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս կապակցությամբ երկու ամիս շարունակ՝ մարտի 3-ից մինչեւ ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի մի շարք մարզերում տեղի կունենան շուրջ 550 ֆրանկոֆոն մշակութային, գեղարվեստական, համալսարանական եւ հանրակրթական միջոցառումներ:
ՀՀ ԱԳ նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս տոնակատարության կազմակերպմանն իրենց գործուն մասնակցությունն են բերել ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ մշակույթի, կրթության եւ գիտության նախարարությունները, Երեւանի քաղաքապետարանը, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի համայնքների միությունը:
Երկամսյակի հագեցած ծրագրի իրականացման գործում իրենց զգալի ներդրումն են ունեցել նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ եւ դիտորդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները, մասնավորապես` Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Լիտվայի, Լեհաստանի եւ Հունաստանի դեսպանությունները, ինչպես նաեւ՝ Հայաստանի համալսարանները, քաղաքացիական հասարակությունը: