Հայաստանը հավասարակշռված համագործակցություն է իրականացնում ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ: Այդ մասին սեպտեմբերի 20-ին «Հայաստան-սփյուռք» 5-րդ ֆորումին մասնակից հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով Իրանի հայ համայնքի ներկայացուցչի հարցն այն մասին, թե արդյոք Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ բացասական ազդեցություն չի ունենա մեր երկրի համար:
«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին, ինչպես և ՆԱՏՕ-ի, ես երբեմն ասում եմ, որ մենք գտնվում ենք երկու կառույցների սահմանին և պետք է լուրջ վերաբերմունք ունենանք երկու կողմերի սահմանապահների հանդեպ: Մենք փորձում ենք երկու կողմերի ձեռք բերված հնարավորությունները և կարողությունները կիրառել, որպեսզի երկու կառույցն էլ փոխադարձ կերպով գործող լինեն, որպեսզի մենք կարողանանք ՆԱՏՕ-ի դրական փորձը հաղորդել ՀԱՊԿ-ին և հակառակը»,- նշել է Սեյրան Օհանյանը: Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը որևէ խնդիր չունի. ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակներում բոլոր միջոցառումներն իրականացվում են ժամանակին: