Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրությունները հետ կանչելը «ճիշտ ուղղությամբ քայլ» է համարում:
Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, հաջորդ տրամաբանական քայլը պետք է դառնա արձանագրություններից ստորագրությունների հետկանչը:
«Ինչպես մենք ընդգծում էինք 2009 թվականին, եւ ինչպես պարզ դարձավ այսօր, Հայաստանը երբեք չպետք է միակողմանի համաձայնագրեր ստորագրի»,- հայտարարել է Համբարյանը:
Ըստ նրա, չնայած Թուրքիայի ակնհայտ ստին եւ անվերջ մանեւրումներին, այդ ֆարսը շատ երկար շարունակվեց: Համբարյանը կարծում է, որ չնայած Անկարայի բոլոր ջանքերին՝ հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը եւ սփյուռքը նախկինի պես միասնական են Հայոց ցեղասպանության հարցում արդարության հասնելու ճանապարհին:
Ավելի վաղ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքում հաղորդագրություն էր հրապարակվել՝ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու վերաբերյալ պետության ղեկավարի որոշման մասին: Թուրքիայի ղեկավարին ուղղված ուղերձում Սերժ Սարգսյանը նշել է, որ արձանագրությունների ստորագրման պահից գրեթե վեց տարի է անցել, բայց դրանք որեւէ արդյունք չեն տվել: