ՀԱՊԿ միջոցառումներին իր մասնակցությամբ Հայաստանը նաեւ համապատասխան հարկադրական դաշտ է ստեղծում այն դեպքերի համար, եթե իրեն կամ կազմակերպության անդամ այլ երկրներին աջակցելու անհրաժեշտություն ծագի: Այս մասին փետրվարի 5-ին «Հայ արծիվներ» հայրենասիրական ՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ Կազմակերպության կանոնադրության համաձայն՝ այդ երկրները պարտավոր են օգնել Հայաստանին:
Նրա խոսքով՝ Հայաստանի համար չափազանց կարեւոր է ՀԱՊԿ անդամ լինելը, առավել եւս, որ այն Կազմակերպության հիմնադիր երկրներից է, եւ այսօրվա դրությամբ Երեւանը Կազմակերպության ռազմական բաղադրիչի կատարելագործման ուղղությամբ բավական լուրջ աշխատանքներ է իրականացնում:
«Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ անդամ երկրները պետք է օգնության հասնեն Հայաստանին: Թե իրականում ինչպես կստացվի, ինչ դեր կունենան այդ գործում հատկապես Կենտրոնական Ասիայի երկրները, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, հարաբերությունների ներկա վիճակը, հատկապես զորավարժություններին մասնակցելու տեսանկյունից, որոշակի վստահություն է ներշնչում», - ընդգծել է Սեյրան Օհանյանը: