Հայաստան Քաղաքական 

Դուք պատրաստ էիք անգամ համազգային սգո օրը՝ ապրիլի 24-ն օգտագործել Ձեր քաղաքական նպատակների համար. Կ. Ավագյանը՝ Փաշինյանին

«Ապրիլի 21-25 արտերկրում մեր դիվանագիտական գերատեսչությունների առջև Ձեր կողմնակիցները տարբեր ակցիաներ են իրականացրել, որոշ տեղերում ներխուժումներ են եղել, ինչն ուղեկցվել է այդ երկրների ոստիկանության արձագանքով: Չեք համարում արդյո՞ք, որ մեր դիվանագետները ներկայացնում են ոչ թե իշխանությունը, այլ՝ պետությունը: Ակնհայտ է, որ այս ամենը մեծապես հարվածել մեր բոլորիս պետության հեղինակությանը: Բացի դրանից, ըստ մամուլի, Դուք պատրաստ էիք անգամ համազգային սգո օրը՝ ապրիլի 24-ն օգտագործել Ձեր քաղաքական նպատակների համար»,-այսօր՝ մայիսի 1-ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

Ապրիլի 24-ի մասով, Փաշինյանն սաց, որ ըստ նախատեսված պլանի, ինքն այդ օրը պետք է լիներ կալանավայրում. «Ես ազատ եմ արձակվել ապրիլի 23-ին, իսկ 24-ին մենք իրականացրել ենք ոչ քաղաքական բնույթի ավանդական երթ դեպի Ծիծեռնակաբերդ: Մենք պետք է արձանագրենք փաստերը»:

Ինչ վերաբերում է այլ երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին, Փաշինյանն ասաց, որ ՀՀ քաղաքացիները իրականացրել են բողոքի գործողություններ, և դրանք իրականացվել են ՀՀ տարածքում, ՀՀ տարածքից դուրս, իսկ դիվանագիտական ներկայացուցչությունները համարվում են ՀՀ տարածք. «Ինչ վերաբերում է միջազգային հեղինակությանը, ես համաձայն չեմ Ձեր տեսակետի հետ: Եթե մենք մոնիթորինգ անենք միջազգային արձագանքը և մամուլը, կտեսնենք, որ ՀՀ-ի հեղինակությունը վերջին 15 օրում աճել է և շարունակում է աճել: Ես հույս ունեմ, որ Դուք և Ձեր խմբակցությունը չեք խանգարի այդ աճին»:

 

Նույն շարքից