ԱՄՆ պետդեպարտամենտը դեկտեմբերի 11-ին հրապարակել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության նախարարական խորհրդի 2013 թվականի արդյունքները: Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների այդ կապակցությամբ օրերս Կիևում կայացած հանդիպմանը:
«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպել են Կիևում շարունակելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված երկխոսությունը: Նրանց և ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի պատվիրակությունների համատեղ հայտարարությունը` հաստատված ԵԱՀԿ նախարարների խորհրդի կողմից, հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված մեր ընդհանուր հանձնառնությունը խրախուսող նշան է»,- նշված է զեկույցում:
Նշվում է նաև, որ ԵԱՀԿ օրակարգում պետք է շարունակի մնալ կոնկրետ և շոշափելի քայլերի կատարումը ձգձգված հակամարտությունների կարգավորման ոլորտում, ինչպես նաև` կազմակերպությունը պետք է շարունակի իր դերակատարությունը ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորման գործում: