Հայաստանի և Սերբիայի կառավարությունների միջև կստորագրվի սովորական անձնագրերի դեպքում մուտքի վիզայի պահանջի վերացման մասին համաձայնագիր, ինչի արդյունքում երկու երկրների քաղաքացիների մուտքը նշված պետություններ կլինի առանց վիզային ռեժիմի: Համաձայնագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 12-ի նիստի օրակարգում:
Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության հիմնավորման՝ համաձայնագրի կնքումը համահունչ է եվրոպական երկրների նկատմամբ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցում ՀՀ որդեգրած ընդհանուր քաղաքական գծին: «Եվրոպական միության հետ մուտքի անձնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին պայմանագրի կնքումից հետո Հայաստանի և Սերբիայի միջև մուտքի արտոնագրերի պահանջի վերացումը կարող է հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման լրացուցիչ խթան: Համաձայնագիրը միտված է աշխուժացնելու մարդկանց միջև շփումները և նպաստավոր կանդրադառնա երկկողմ տնտեսական հարաբերությունների, մշակութային և հումանիտար կապերի, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման վրա»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում Համաձայնագրի կնքումը: