Չինաստանը մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող պետություն է և ընդհանրապես աշխարհում Չինատսանի դերն այսօր բացառիկ է: Այդ երկիրը դարձել է գլոբալ գերտերություն՝ թե տնտեսական, թե քաղաքական ազդեցության առումով, այն նաև գլոբալ տնտեսական պրոեկտներ իրականացնող երկիր է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ հավելելով, որ Հայաստան պետք է ամեն ինչ անի գլոբալ նախագծերում տեղավորվելու և Չինաստանի այս կամ այն գլոբալ պրոեկետների մեջ հայտնվելու համար:
«Սա բարդ է հաշվի առնելով մեր աշխարհագրությունն ու մեր հարևանների հետ հարաբերությունները: Սակայն մենք պետք է օգտվենք հնարավորություններից, անել այնպես, որ մեր տնտեսական հարաբերությունները լինեն քաղաքական հարաբերությունների մակարդակին: Իսկ մեր քաղաքական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են մշտապես գտնվել: Պետք է անպայման նշել, որ ՀՀ բոլոր երեք նախագահներն էլ պաշտոնական այցով եղել են Չինաստանում, հանդիպումներ են ունեցել Չինաստանի ղեկավարության հետ»,-ասաց Սարգսյանը:
Քաղաքագետի խոսքերով, հայ-չինական քաղաքական օրակարգում չկան հարցեր, որոնք հակասում են իրար, որոնց վերաբերյալ դիրքորոշումների հակասություն կա. «Դիրքորոշումները կամ նույնական են կամ շատ մոտ: Չինաստանը շատ հավասարակշռված դիրքորոշում ունի Արցախի վերաբերյալ: Չինաստանը նույնպես մշտապես ճանաչել և աջակցել է Չինաստանի տարածքային ամբողջականությունը: Տենդենցը կարելի է պահել»:
Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, քաղաքագետն ասաց, որ քաղաքական հարաբերություններում բարձր մակարդակը պետք է համեմել տնտեսական համագործակցության խորացմամբ. «Նախկինում Չինաստանը բազմիցս օժանդակել է Հայաստանին՝ դա անելով տարբեր ծրագրերի և գրանտների միջոցով»:
Քաղաքագետի խոսքերով, Չինաստանն այսօր երկու գերտերություններից մեկն է. «Չինաստանն ապագան է և Չինաստանի հետ մեր հարաբերությունները նաև մեր երկրի տնտեսական հաջողության գրավականն է ու ապագան»:
Սարգսյանը հավելեց, որ Հայաստանը տարածաշրջանային բոլոր տնտեսական նախագծերից դուրս է մնացել, միակ նախագիծը, որին Հայաստանը մասնակցում է, ԵԱՏՄ-ն է: