2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 3 միլիոն 9800, ընդ որում, երկրում աճել են թե ծնելիության, թե մահացության ցուցանիշները: Այս մասին լրագրողներին պատմել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նրա խոսքով՝ տարվա սկզբի համեմատ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը նվազել է շուրջ 7300-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 2100-ով: Մարդկանց քանակի այս նվազումը, Կարինե Կույումջյանի խոսքով, հիմնականում պայմանավորված է նրանով, որ միգրացիայի բացասական ցուցանիշը ավելի բարձր է եղել, քան մարդաքանակի բնական հավելաճը. առաջին կիսամյակում բնական աճը, այսինքն, ծնունդների եւ մահերի տարբերությունը, կազմել է մոտ 4500, իսկ միգրացիայի ցուցանիշի բացասական մնացորդը եղել է 11800:
Կենդանի ծնունդների թիվը 2014 առաջին կիսամյակում կազմել է 19401՝ 3.2 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում: 2012 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 0.4 տոկոս: Ծնված երեխաների մեջ տղաները ավելի շատ են. 100 աղջկա դիմաց Հայաստանում ծնվում է մոտ 114-115 տղա: Ծնելիության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Երեւանում, Արագածոտնի, Կոտայքի եւ Լոռու մարզերում:
Ինչ վերաբերվում է մահացության ցուցանիշներին, մահվան դեպքերը տարվա առաջին կիսամյակում 14929-ն էին. հիշեցնենք, որ 2013 թվական նույն ժամանակամիջոցում գրանցվել էր 14310 մահվան դեպք՝ մոտ 4.3 տոկոսով պակաս: 2012 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատ (14960 գրանցված մահ) այս տարի մի փոքր նվազում է գրանցվել:
Մանկական մահացության դեպքերը Հայաստանում, Կարինե Կույումջյանի խոսքով, նվազել են՝ եթե 2013 թվականին մինչեւ մեկ տարեկան երեխաների շրջանում գրանցվել էր 185 մահվան դեպք, ապա այս տարվա նույն ժամանակամիջոցում գրանցվել է 176 դեպք:
Մահացության ցուցանիշները Լոռու մարզում, Շիրակում, Տավուշում միջին հանրապետական ցուցանիշներից բարձր են, իսկ Երեւանում, Արարատի մարզում, Արմավիրում եւ Գեղարքունիքում միջին հանրապետական ցուցանիշներից ցածր են:
Ի դեպ, Գեղարքունիքի մարզում այս վեց ամիսների ընթացքում գրանցվել են ամենացածր ծնելիության եւ մահացության ցուցանիշները: