ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը գիշերվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պատգամավորների հանդիպումը բանակցություն չի համարում: Այս մասին պատգամավորը հայտարարեց այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ հավելելով, որ բանակցությունների խնդիր չկա:
Սարգսյանի խոսքերով, հանդիպման ժամանակ կողմերը փորձել են ճշտել տեսակետները, տեղի ունեցածը. «Հստակ բոլորն էլ ամրագրեցին, որ քաղաքական ճգնաժամ կա, որի լուծումն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժամկետների հարցում կողմերն ունեն տարբեր լուծումներ»:
Պատգամավորը հայտնեց, որ վարչապետը ցանկանում է ընտրությունները լինեն որքան հնարավոր է շուտ. «Նա նաև հիմնավորում է, թե ինչու դեկտեմբերին: Վարչապետը ցանկանում է Ֆրանկոֆոնիայից հետո հրաժարական տալ, ինչից հետո ընտրություններ լինեն: Մյուս ուժերն ասում են, որ ԸՕ փոփոխություններ են պետք, ինչի համար անհրաժեշտ է ժամանակ: Վարչապետն ասաց, որ կարող է այդ խնդրում զիջումների գնալ, եթե ընտրությունները դեկտեմբերին լինեն, բայց կողմերն ասացին, թե գտնում են, որ ոչինչ չեն կորցնի, եթե օրենքների վրա ավելի լավ աշխատեն ու ընտրությունները լինեն ավելի ուշ: Ժամկետների մասով պայմանավորվածություն չի եղել»:
ԵԼՔ խմբակցության պատգամավորի խոսքերով, Հայաստանում քաղաքական ճգնաժամ կա, որի լուծումը պետք է տրվի հնարավորինս արագ. «Այս կախված վիճակն ընկալել չէ և վտանգավոր մեր քաղաքական դաշտի համար: Դեկտեմբերը հնարավոր ժամկետ է, հնարավոր է հասնել դրան: Ամեն դեպքում ուզում եմ, որ իրավաբանները ճիշտ լուծում տան, որպեսզի հետագայում խնդիրներ չլինեն»:
Ինչ վերաբերում է վարչապետի այլ հնարավոր թեկնածուին, Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանում այսօր չկա որևէ անհատ, ով կգա Ազգային ժողով ու կասի ինքն է Նիկոլ Փաշինյանի փոխարեն վարչապետ. «Չկա այդպիսի մարդ ու չկա քաղաքական ուժ, որը կողմ կքվեարկի»: