Այսօր կրկեսի միջազգային օրն է, որի նպատակն է ևս մեկ անգամ մարդկության ուշադրությունը կենտրոնացնել կրկեսի կենդանիների վրա, որոնք վարժեցվելու ու մարդկանց հաճույք պատճառելու համար ենթարկվում են դաժան վերաբերմունքի: Այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին անդրադարձան կենդանիների պաշտպան, ակտիվիստ Կարինե Փանոսյանը և «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական ընկերության ներկայացուցիչ Նարե Արամյանը:
Կարինե Փանոսյանը նշեց, որ կենդանիները դեռ շատ փոքրուց կրկեսում արժանանում են դաժան վերաբերմունքի, որպեսզի կատարեն այն, ինչ տեսնում ենք արենայում:
«Նրանց նոր ծնված ժամանակ վերցնում են մորից, մտցնում փոքրիկ վանդակ, որտեղ գրեթե շարժվելու տեղ չունի կենդանին, շատ քիչ են կերակրում, որպեսզի հետո նա արենայում մի կտոր սննդի համար անի այն, ինչ իրենց պետք է: Իսկ չենթարկվելու դեպքում դաժան պատժի են արժանանում: Հենց դա է պատճառը, որ կրկեսներում հաճախ են կենդանիները հարձակվում մարդկանց վրա»,-ասաց նա:
Կարինե Փանոսյանն ընդգծեց, որ իրենք դեմ են կենդանիների կրկեսին, քանի որ Չինաստանի օրինակով գեղեցիկ կրկեսային ներկայացում կարելի է ցուցադրել նաև առանց կենդանիների:
«Չինաստանում ամբողջ կրկեսը հիմնված է ակրոբատիկ շարժումների վրա, նրանք առանց պարանների կարողանում են հրաշալի համարներ պատրաստել: Թող մեր կրկեսում էլ այս ուղղությունը զարգացնեն»,-ասաց նա:
Նարե Արամյանն էլ իր հերթին նշեց, որ վաղուց արդեն գիտականորեն ապացուցված է որ երեխաների թե՛ էսթետիկ, թե՛ մարդասիրական, թե՛ բարոյական և թե ընդհանուր դաստիարակության համար այնպիսի հասկացողություն, ինչպիսին կենդանիների կրկեսն է, միայն վտանգավոր է:
«Երեխան կորցնում է իրական պատկերացումը բնության, բնության ներկայացուցիչների, նրանց նկատմամբ վերաբերմունքի ու նրանց դերի նկատմամբ: Զարմանալի է, որ մենք որպես ավանդական լարախաղաց, հիանալի Ենգիբարով ունեցող ազգ, չենք զարգացնում կրկեսի այն տեսակները, որոնք կարող են և ազգին պատիվ բերել: Այսինքն` մենք շեշտը միշտ սխալ կետերի վրա ենք դնում»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Հայաստանում պակասում է կոնկրետ ոլորտ պատկան մարմնի պատասխանատուի բարի կամքը: «Համոզված եմ, որ և՛ կրկեսը, և՛ այլ հանդիսադիր միջոցառումների համար օգտագործվող կենդանիների կազմակերպությունները կգնան համագործակցության և կենդանասեր կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների հետ միայն այն դեպքում երբ լինի ռազմավարական ծրագիր և համապատասխան օրենք»,-ասաց նա: