Մոլդովայի դատական կատարողների ազգային միության գլխավոր քարտուղար Օքսանա Նովիկովան տպավորված է Հայաստանով և հայ ազգի հյուրասիրությամբ: «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագրով միջազգային 2-րդ գիտագործնական համաժողովի ընթացքում իր ելույթում Նովիկովան առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց հայերին հյուրասիրության համար՝ ընդգծելով, որ տպավորված է Հայաստանով: «Ես շատ շնորհակալ եմ Հայաստանին` այս համաժողովը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար: Սակայն ցանկանում եմ առանձնահատուկ նշել հայերի հյուրասիրությունը: Դուք իսկապես հյուրասեր ազգ եք, և մենք շատ շնորհակալ ենք այն ընդունելության համար, որ դուք մեզ ցույց եք տվել այս երկու օրերի ընթացքում»,- ասաց նա:
Օքսանա Նովիկովան ընդգծեց, որ իր հայ ընկերներից մեկն իրեն շատ լավ խոսք է ասել, որի մասին ինքը ցանկանում է բարձրաձայնել: «Հայերը նավթ չունեն, սակայն փոխարենը հպարտություն ունեն: Ես համաձայն եմ այս մտքի հետ»,- ընդգծեց նա: