Երևանի ավագանու ընտրություններում «Իմ Քայլը» դաշինքի առաջին համար դերասան Հայկ Մարությանը 16 տարեկանից աշխատում է և կարողացել է այս ընթացքում ինչ-որ չափով ապահովել իրեն:
Սեպտեմբերի 9-ին դաշինքի մամուլի ասուլիսի ժամանակ Մարությանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է կարողացել Հյուսիսային պողոտայում տուն ձեռք բերել, հայտարարել է, որ դեռ դեռահաս տարիքից աշխատում է, այդ ընթացքում մի քանի անգամ է հանգստի գնացել, միայն աշխատել է և կարողացել ապահովել իրեն:
Նշենք, որ Հայկ Մարությանը չի հրաժարվում դեբատներից, նա պատրաստ է մասնակցել դրանց, սակայն մի պայմանով, որ բոլոր մյուս ուժերն էլ մասնակցեն: Ասուլիսի ժամանակ նա նշել է, որ իրեն դեբատների չեն հրավիրել, սակայն նա չի հրաժարվի դրանցից:
«Իմ Քայլը» դաշինքի առաջին համարը պատասխանեց նաև դիտարկումներին, որ ինքը քաղաքապետ է ընտրվելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հաշվին՝ հայտարարելով, թե իր վարկանիշն ու վարչապետի վարկանիշը գումարվելու են իրար՝ հավելելով, որ պատասխանը հստակ սոցհարցումները կարող են տալ:
Մարությանը նաև հայտնեց, որ քարոզարշավի ամեն օրն անց է կացնելու մեկ վարչական շրջանում և օրն ավարտվելու է հանրահավաքով ու հարցուպատասխանով: