Հայաստան Քաղաքական 

Հանդիպել են վարչապետն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը, թեման` մեռելոցները. Yerkir.am

Yerkir.am-ի տեղեկություններով` այսօր կառավարությունում ոչ պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միջեւ. մեր թղթակիցը տեսել է կաթողիկոսի մեքենան կառավարության շենքի մուտքի մոտ: Իսկ ավելի ուշ տեղեկացանք, որ խոսակցության թեման, ինչպեսեւ կանխատեսելի էր, եղել են մեռելոցները:

Նշենք, որ տեւական ժամանակ է` Հովիկ Աբրահամյանը փորձում է տաղավար տոների հաջորդ օրը, որը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, ոչ աշխատանքային է` մեռելոցների անցկացման համար, աշխատանքային դարձնել:

Ուշագրավ է, որ եթե առաջ Ամենայն Հայոց կաթողիկոսը հակված չէր մեռելոցների օրերը աշխատանքային դարձնելու` վարչապետի մտքին, ապա այսօր արդեն, մեր տեղեկություններով, կարծես փոխհամաձայնության են եկել: Չի բացառվում, որ շատ շուտով փոխզիջումային որոշման մասին պաշտոնապես հայտարարվի:

Հիշեցնենք, որ վերջին անգամ՝ Վարդավառին հաջորդող երկուշաբթի օրը ոչ աշխատանքային սահմանելիս կառավարության արտահերթ նիստի ժամանակ հնչել են մի շարք փաստարկներ՝ արտասահմանյան գործընկերների հետ աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև գործարար հատվածի համար առաջացող տարբեր խնդիրների հետ կապված: Հարցի վերաբերյալ ներկայացվել են նաև առաջարկություններ:

Արձագանքելով` վարչապետ Աբրահամյանը նշել էր, որ կիսում է տնտեսվարողների մտահոգությունները, և հանձնարարել էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ խորհրդարանական քաղաքական ուժերի, Հայ Առաքելական եկեղեցու և գործարար աշխարհի հետ քննարկել հարցը՝ առաջիկայում միասնական մոտեցում ձևավորելու համար:

Նույն շարքից