Հունիսի 25-ից Վայոց Ձորի մարզի Արփի գյուղում արջը սկսել է իր ելումուտը: Գյուղի շրջակայքում մինչ այդ էլ արջեր կային և այժմ էլ կան, սակայն գյուղ չեն մտնում, այլ միայն հարակից հողատարածքներում գալիս են ծիրան, տանձ. կարճ ասած միրգ ուտելու: Այս մասին Analitik.am-ին հայտնեց Արփի համայնքի ղեկավար Գագիկ Հովսեփյանը:
«Այս ձեռագրով արջ չենք ունեցել, բնության մեջ մեծացած արջ չի միանշանակ, բոլորն էլ ասում են`պահած արջ է, ձագեր չունի, մոտ 3 տարեկան է, այսինքն արջի համար`անչափահաս է»,-ասաց նա:
Գյուղում ենթադրում են, որ նա որոշ ժամանակ բնակվել է գյուղից ոչ հեռու անտառային տարածքում, որտեղ ընկուզենիների խիտ տարածք կար, այն հրդեհվեց, որից հետո արջը սկսեց այցելել Արփի գյուղ:
Վերջին անգամ, ըստ գյուղապետի, արջը նախորդ գիշեր է մտել գյուղ, ժամը 2-ից 4-ի սահմաններում, ճուտեր է տարել, բնակիչներից մեկի գոմին կպցրած բաներ կային, դրանք է պոկել, ճագարի բույնն է ջարդել ու գնացել:
Հարցին, թե արդյո՞ք ինչ-որ մեկը հասցրել է նկարել կենդանուն, պատասխանեց, որ ոչ, որովհետև հանկարծակի է հայտնվում, չեն հասցնում. շատ անկանխատեսելի արջ է:
Գյուղապետը կարծում է, որ արջը պահել է որևէ ռեստորանատեր, ով սնանկանալուց հետո ուղղակի բաց է թողել արջին այդ տարածքում, սակայն, ըստ ամենայնի, այս արջը չի կարող ապրել բնության մեջ, սովոր չէ:
«Այս արջը գալիս է մեղրի կողքով անցնում-գնում է`անտարբեր, իսկ արջը գիտեք, մեղրի համար հոգի է տալիս: Բացի այդ, նա տարածք չունի այժմ, ուղղակի գալիս է գյուղ, շփվող է, վրա չի տալիս, էս խեղճը տեղ չունի գնալու»,-ասաց Հովսեփյանը:
Նա նաև նշեց, որ վայրի արջերը սարերում անգամ խոշոր եղջերավոր են ջարդել, ոչխար, իսկ այս արջը`ընդամենը հավ ու ճագար:
Ըստ նրա, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը համատեղ Արփի գյուղի տարածքում թակարդներ են դրել, որ արջին բռնեն, հետները նաև մասնագետներ կան:
Նշենք, որ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ արջը մտնում է Արփի գյուղ և վնասում կենդանիներին, և որոշվել է փոխհատուցել մարդկանց վնասը:
Գյուղապետը տեղեկացրեց, որ գումարը փոխհատուցելու են Վայրի բնության հիմանդրամը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, արդեն ցուցակարգել են, ով ինչ է կորցրել և ինչքան. գնահատումը կատարել են Վայոց ձորի մարզպետարանի մասնագետները:
Նա նաև տեղեկացրեց, որ գիշերն անվտանգության նկատառումներից ելնելով համայնքային լուսավորությունը չեն անջատում, որ մարդիկ դուրս գան ոռոգելու կամ այլ գործերի, մթության մեջ չհանդիպեն արջին, նաև մարդկանց հրահանգվել է երեկոյան ժամը 9-ից հետո տանից դուրս չգալ`մինչև Արփի գյուղը պատուհասած արջին բռնեն:
Վայրի բնության հիմնադրամի տնօրեն Կարեն Մանվելյանը Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ պատրաստ է արջին բռնելու համար:
«Հիմա կարևորն այդ արջին բռնելն է, մարդիկ սարսափահար են և այս ամենը բացասական տրամադրություն է ստեղծում բնապահպանական կառույցների նկատմամբ»,-ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք դա Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից Վայոց Ձորում բաց թողնված արջն է, ասաց, որ դիմել է կառույցի ներկայացուցիչներին և ասել, որ հրապարակեն արջի տեղաշարժի քարտեզը բաց թողնման օրվանից մինչև հիմա:
«Մենք Մաշա արջին, որ բաց թողեցինք`նրա տեղաշարժման հետևելու կոդը տրամադրվել էր և բնապահպանության և ընդերքի տեսչությանը, և գյուղի գործընկերներին»,- ասաց Մանվելյանը՝ հավելելով, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցն Արենիում հանդիպման ժամանակ ցույց է տվել արջի մեկ օրվա դիրքը, որը, ըստ նրա, բավարար չէ, դրանով գրեթե ոչինչ չես կարող որոշել:
Գոհար Ստեփանյան