Հայաստան 

Հանրակրթական ուսումնական հաստատություններում կստեղծվեն հայրենասիրական ակումբներ

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:


Հայաստանի Հանրապետության պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարություններն ու «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը  կնքել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում  ստեղծել «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ եւ ըստ ամենայնի օժանդակել նրանց արդյունավետ գործունեության իրականացմանը:

 

Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պետության եւ հասարակության զարգացման նպատակով կարեւորելով աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության անհրաժեշտությունն ու կարեւորությունը հանրակրթական ուսումնական հաստատություններում, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ նոր ստեղծվելիք ակումբները կդառնան Արցախյան գոյամարտի պատմության ուսումնասիրման եւ մեր նորօրյա հերոսների մեծարման այն օջախները, որոնք կնպաստեն պատանիների հայրենագիտակցության առավել զարգացմանը, ինչպես նաեւ միտված կլինեն ազգային հոգեկերտվածքով ու հայրենապաշտ քաղաքացի դաստիարակելուն:

 

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն էլ հավելել են, որ այսօր ունենք գիտակից, կրթված եւ հայրենասիրական բարձր գիտակցությամբ երիտասարդություն: Ուստի անհրաժեշտ է ջանք ու եռանդ չխնայել ոչ միայն եղածը պահպանելու, այլեւ ավելի կատարելագործելու համար, ընդլայնել դպրոցականների` հայրենաճանաչողությանն ու հայրենագիտությանն առնչվող հետաքրքրությունների ու նախասիրությունների բավարարման հնարավորությունները:

Նույն շարքից