Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել էին մայրաքաղաքի դպրոցների շուրջ 300 աշակերտներ, ովքեր ուսումնական տարվա ընթացքում աչքի են ընկել բարձր առաջադիմությամբ։ Առիթը՝ արդեն ավանդույթ դարձած Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին երեխաների համար անցկացվող տարեվերջյան տոնական միջոցառումներն էր։ Երեխաներին դիմավորեցին հեքիաթների հերոսները, Ձմեռ պապն ու Ձյունանուշը։
Հանդիսավոր վառվեցին Նախագահի նստավայրի տոնածառի լույսերը և երեխաները շատ արագ սկսեցին նախագահական նստավայրը դարձնել տոնական խաղահրապարակ։
11-ամյա Սամվել Սիրունյանը ջութակով էր եկել, բայց մինչ երեխաները պարում, ուրախանում էին, նա ջութակը ձեռքին հուզված սպասում էր իր ելույթի ժամին։ Ապագա ջութակահարը Նախագահին տեսնելու դեպքում կշնորհավորեր նրա Ամանորը, շնորհակալություն կհայտներ «նման գեղեցիկ միջոցառման համար ու կցանկանար, որ բոլորն առողջ լինեն, ու ոչ մի բալիկի աչքից արցունք չթափվի»։
Սամվելը Ձմեռ պապին դեռ նամակ չի գրել ու չի կողմնորոշվում՝ ինչ է ուզելու, բայց որ Նախագահից խնդրելու առիթ լիներ, նոր, ավելի լավ ջութակ կուզեր։
10-ամյա Հայկ Կոստանդյանը հստակ գիտի Ձմեռ պապիկից իր նվերը՝ միկրոֆոն է, բայց ոչ թե ապագայում երգիչ դառնալու ցանկության համար, այլ որովհետև ինքն արդեն երգիչ է, ու դրա կարիքն ունի։ «Ես երգիչ եմ ու միկրոֆոն եմ ուզել, երգում եմ Էդվարդ Բեգլարյանի խմբում»,-ասաց նա։
Անին եկել էր, որ Նախագահից հետաքրքրվի, թե փոքր հասակում ինչ է երազել դառնալ, իսկ ինքը դեռ չգիտի, ամեն օր փոխում է մտադրությունը. բժշկուհի հավանաբար կդառնա։
Նախագահականում ամենատպավորիչը նրա համար ոչ թե մեծ տոնածառն էր, ոչ հեքիաթների հերոսները, այլ այն, որ «բոլորի դեմքին ժպիտ կար»։
Արա Ջոլաքյանը, ով տարբերվում էր մյուս երեխաներից իր սև մաշկի գույնով, ասաց, որ Ձմեռ պապիկից գնդակ է ուզել, որովհետև ֆուտբոլիստ է դառնալու, չնայած որ իրական Ձմեռ պապի տեսած չկա։ Նախագահականի Ձմեռ պապն էլ նրան կասկածելի էր՝ իրակա՞ն է, թե ոչ։
Ինչպես պարզեցինք, մայրաքաղաքի երեխաներից շատերը Ձմեռ պապիկից բջջային հեռախոս են խնդրել, իսկ ցանկություններն անձնական չէին՝ խաղաղություն, առողջություն, որ «բոլոր մանուկներն իրենց ծնողներին գտնեն և մեծանան երջանիկ ընտանիքում»։
Տոնածառի մոտ հավաքված բոլոր երեխաներն այսօր ստացան նաև ամանորյա նվերներ։