Սպորտ Հասարակություն 

Հաշմանդամություն ունեցող ընտանիքները միացել են պայքարին

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում սեպտեմբերի 7-ից մեկնարկած ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին են միացել նաև հաշմանդամություն ունեցող ընտանիքները: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Մրցույթի գլխավոր կազմակերպիչ ու պատասխանատու, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը երեկ հանդիպել է Ծաղկաձոր ժամանած հաշմանդամ ունեցող 19 ընտանիքների հետ, լսել նրանց առաջարկները՝ տեղում լուծումներ տալով բոլոր խնդիրներին:

Հանդիպման ընթացքում Խաչիկ Ասրյանը հաշմանդամություն ունեցող բոլոր ընտանիքներին «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորի կողմից նվիրել է լիցքավորման քարտեր, իսկ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից՝ համազգեստներ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ հանդիսացող Անմոռուկի տեսքով կրծքանշաններ ու հովանոցներ:

Նախարարի տեղակալը մարզերի պատասխանատուներին և ընտանիքների անդամներին ծանոթացրել է մրցումների ժամանակացույցին, հատկապես առաջին անգամ մասնակցող ընտանիքներին ներկայացրել է մրցակարգը, ինչպես նաև ներկաներին տեղեկացրել է գլխավոր մարզահամալիրի ամբողջ տարածքում համակեցության կանոններին:

Նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության աշխատակիցների կողմից նախապատրաստված մարզադաշտում բոլոր մարզական ընտանիքները պայքարում են օրացույցով հաստատված մրցաձևերում:

Մարզական ընտանիքները չորս տարիքային խմբերում արդեն իսկ մրցել են խաղային փոխանցավազք 80 մ (15 մ + 25 մ + 40 մ), վարժություն բասկետբոլի գնդակով և հեռացատկ տեղից մրցաձևերում, իսկ հաշմանդամ ընտանիքներն իրենց ուժերն են չափել խաղային փոխանցավազք՝ 30 մ, վարժություն բասկետբոլի գնդակով և խաղային փոխանցավազք թենիսի գնդակներով մրցաձևերում:

Նույն շարքից