Հայաստան 

Հասարակությունների սոցիալ-տնտեսական վիճակն ու ինքնասպանությունների թիվն ուղիղ համեմատական չեն․ նախարար

Հայաստանում ինքնասպանությունների դեպքերը 2012-2014 թթ-ի ընթացքում նվազել են, սակայն այս տարվա առաջին եռամսյակում աճ է արձանագրվել՝ 54 դեպք, որը 10-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից. ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանի գրավոր հարցի, ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:



 

Նախարարը նշեց, թե սուիցիդիալ դրսևորումները հատուկ են բոլոր հասարակություններին, սակայն հասարակությունների սոցիալ-տնտեսական վիճակն ու ինքնասպանությունների թիվն ուղիղ համեմատական չեն: Նա օրինակ բերեց, որ զարգացած երկրներում 1.7 տոկոս է ինքնասպանությունների թիվը, իսկ միջին զարգացած երկրներում՝ 1.4 տոկոս:

 

 

Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ երևույթը չափազանց մտահոգիչ է, ու անհրաժեշտ են լուրջ ուսումնասիրություններ, որոնք պետք է օգնեն գտնելու կանխարգելման ճանապարհներ:



 

Իշխան Խաչատրյանը որպես լուծում առաջարկեց ցանկապատել կամուրջները։

 

«Կարելի է ցանցապատել դրանք ու դրանով կանխարգելիչ գործողություններ իրականացնել: Սա կլուծի նաև բնապահպանական խնդիրներ, նաև առաջարկում եմ ՀՀ-ում կրճատել այդ ուղղությամբ հաղորդումները: Ամեն դեպքում կցանկանայի, որ Կառավարությունը գործողությունները շարունակեր այս ուղղությամբ»,-շեշտեց պատգամավորը:

 

Հովհաննես Մանուկյանն ասաց, որ ոստիկանական ուժերի կողմից ահռելի ծավալի աշխատանք է իրականացվում այս ուղղությամբ։ Իսկ ցանցերի հետ կապված նա շեշտեց, որ դեռևս մտածում են, թե որքանով օգտակար կլինի դա:

Նախարարը նաև կարծիք հայտնեց, որ շատ արդյունավետ կարող է լինել սոցիալական գովազդը։

Նույն շարքից