Հասարակություն 

Հասունանում է նոր օֆշորային սկանդալ. armtimes.com

Այս տարվա ապրիլ ամիսը հանրային հիշողության մեջ մնաց ոչ միայն ԼՂ հակամարտության  գորտում վերսկսված պատերազմական գործողություններով, այլեւ Միհրան Պողոսյանի՝ ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու փաստով: «Պանաման նվաճած» Պողոսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց այն բանից հետո, երբ OCCRP-ի (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) ցանցի լրագրողների հրապարակած Պանամայի փաստաթղթերի տրցակից հանրությունը տեղեկացավ արդարադատության գեներալ-մայորի օֆշորային ընկերությունների և շվեյցարական բանկերում ունեցած հաշիվների մասին: Տարբեր երկրների պաշտոնյաների օֆշորային հաշիվների մասին տեղեկատվություն պարունակող փաստաթղթերը մեծ աղմուկ բարձրացրեցին:

Երկու տասնյակից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են Պանամայի փաստաթղթերում: Այդ փաստաթղթերը եւ տվյալների բազաները Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը դեռ շարունակում է ուսումնասիրել: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց OCCRP-ի տարածաշրջանային խմբագիր Դեյվ Բլոսսը, ով «Հոդված3» ակումբի նախաձեռնությամբ գտնվում է Հայաստանում: Դեռ կլինեն նոր պատմություններ, խոստանում է նա եւ մեզ հետ զրույցում պատում Պանամայի փաստաթղթերի բացահայտման որոշ մանրամասներ:

Պարոն Բլոսս, ինչպե՞ս ստացվեց, որ OCCRP-ի նախագիծը սկսեց ուսումնասիրել Պանամայի փաստաթղթեր անունը կրող աղմկահարույց եւ ծավալուն օֆշորային դոսյեն:

Մի պատմություն կար, որ իբր մի կին, որ աշխատել է օֆշորային գոտիներում գործող իրավաբանական գրասենյակում, այնտեղից դուրս է հանել այդ փաստաթղթերը: Չգիտեմ` որքանով է դա իրականությանը համապատասխանում, բայց երկու փորձառու գերմանացի լրագրողներ սկսեցին այս պատմությունը հետազոտել, սակայն հասկացան, որ ծավալը շատ մեծ է, ուստի բարդ է այն ուսումնասիրել ինքնուրույն: Այնուհետեւ նրանք սկսեցին համագործակցել Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հետ: Սակայն այս կոնսորցիումի կարողություններն էլ բավական չէին այդ փաստաթղթերն ուսումնասիրելու համար: Եվ նրանք սկսեցին կապ հաստատել ողջ աշխարում տարբեր հետաքննող լրագրողների ու լրագրողական կազմակերպությունների հետ: Այս կերպ նրանք գտան OCCRP-ի նախագիծը եւ սկսեցին համագործակցել: Ուստի, ես Վրաստանում, Հայաստանում Քրիստինեն (Աղալարյան) (Հետք-ի թղթակից), Ադրբեջանի մասը եւս ուսումնասիրում էին Վրաստանից, սկսեցինք զբաղվել այդ փաստաթղթերով: Անցած սեպտեմբերին ես գնացի Մյունխեն եւ նրանք ցույց տվեցին, թե ինչպես կարող են այդ փաստաթղթերը դառնալ հասանելի մեզ համար: Պետք էր մուտք ունենալ այդ համակարգ, հատուկ գաղտնաբառեր եւ այլն: Եկա այստեղ եւ «Հետքի» Էդիկ Բաղդասարյանին ու Քրիստինե Աղալարյանին ցույց տվեցի, թե ինչպես դա անել: Այնուհետեւ մենք պարզապես սկսեցինք հերթով բացել եւ նայել այդ փաստաթղթերը: Սկսեցին դժվարությունները, քանի որ, օրինակ, «Georgia» անունով, որը նաեւ ԱՄՆ նահանգի անուն է, 18 հազար փաստաթուղթ դուրս եկավ: Դրանք անհրաժեշտ էր ֆիլտրել: Շուրջ 4 հազար փաստաթուղթ Հայաստանի մասին էր, մոտ 8 հազար՝ Ադրբեջանի: Դրանք պետք էր բացել եւ ստուգել, արդյոք արժեքավոր տեղեկություններ կան: Հայաստանում գտնվեց Միհրան Պողոսյան անունը, ավելի ճիշտ նրա հետ կապված ընկերությունը եւ գրվեց հայտնի պատմությունը: Վրաստանում մենք գտանք Բիձինա Իվանիշվիլիի անունը, իսկ Ադրբեջանի մասով գրվեց Ալիեւների ընտանիքի հետ կապված պատմությունը:

Մանրամասն՝ armtimes.com

Նույն շարքից