Հաստատվել է ՀՀ այն դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ցանկը, որոնք 2014 թվականի ապրիլի 1-ից հետո շարունակելու են տրամադրել և փոխանակել անձնագրեր: Որոշման նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արտաքին գործեր նախարարությունը, ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Թույլատրվում է Վաշինգտոնում, Փարիզում, Բրյուսելում, Հաագայում, Բեռլինում, Վիեննայում, Պրահայում, Աթենքում, Մոսկվայում, Կիևում Հայաստանի Հանրապետության դեսպանություններին և Լոս Անջելեսում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Դոնի Ռոստովում (Ռուսաստանի Դաշնություն) Սանկտ-Պետերբուրգում (Ռուսաստանի Դաշնություն) Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություններին կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրեր տրամադրելու համակարգի տեխնիկական անսարքության (բացառությամբ ցանցային և ծրագրային խափանումների) դեպքում տրամադրել և փոխանակել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրեր:
Անձնագրերը տրամադրելու կամ փոխանակելու իրավասություն ունեցող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ցանկում են Արգենտինայում, Բելառուսում, Բուլղարիայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Վիետնամում, Վրաստանում, Դանիայում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Իրաքում, Իրանում, իսպանիայում, Իտալիայում, Ղազախստանում, Կանադայում, Չինաստանում, Քուվեյթում, Լիբանանում, Լիտվայում, Մեքսիկայում, ԱՄԷ-ում, Լեհաստանում, Ռումինիայում, Սիրիայում, Թուքմենստանում, Շվեդիայում, Շվեյցարիայում ՀՀ դեսպանատները, ինչպես նաև Հալեպում, Բաթումիում, Մարսելում, Օդեսայում և Սոչիում ՀՀ գլխավոր հյուպատոսությունները:
Նշենք, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և գործելու է մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը: