Հարկավոր է հանրությանն ավելի լայն իրազեկել Մաքսային միությանը Հայաստանի ինտեգրման գործընթացի մասին: Այս մասին կառավարության փետրվարի 6-ի նիստում հայտարարել է Տիգրան Սարգսյանը:
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի խոսքով՝ ավելի վաղ անցկացված հաշվարկները վկայում են, որ Մաքսային միություն Հայաստանի մտնելու արդյունքում ինֆլյացիոն ճնշումը չի գերազանցի 1,5%-ը: «Մենք հարկ ենք համարում հանրությանը տեղեկացնել, որ ապրանքային մի շարք խմբերի մասով Հայաստանը կխնդրի ազատել Մաքսային միության մաքսատուրքերից: Հիմնականում մենք, իհարկե, աշխատում ենք ձեռնարկատերերի հետ»,- ասել է նախարարը:
Իր հերթին վարչապետը նշել է այս հարցով տվյալների ճիշտ եւ համարժեք ներկայացման կարեւորությունը: