Վա՞տ եմ արել, որ եկել եմ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով Մալաթիա վարչական շրջանում գտնվող առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի մասին։
Օսիպյանը նշեց, որ տեսել է, թե ինչ ծավալների է հասնում հրդեհը և ինչքան ժողովուրդ կա հավաքված, դրա համար որոշեց գալ․ «Ամեն դեպքում ես Հայաստանի Հանրապետության ոստիկանապետն եմ և հարկ եմ համարել այստեղ գտնվել, ինքս գնահատել իրավիճակը, և ինչու չէ նաև ղեկավարել այն մասը, որը վերաբերում է ոստիկանությանը»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս չորս մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի հետևանքով կա 6 տուժած:
Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս երկու մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: