«Հայաստան» համահայկական հիմնադրամի 17-րդ հեռուստամարաթոնի ընթացքում համայն հայության ջանքերով հավաքվել է 12 միլիոն 399 հազար 550 ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հավաքված գումարը կուղղվի հայկական երկու հանրապետություններն իրար կապող շուրջ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաեւ բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում եւ Արցախում: «Հեռուստատմարթոն 2013»-ին հավաքվել էր 21 միլիոն դոլար, որից 10 միլիոնը փոխանցվել է ճանապարհի կառուցմանը, իսկ շուրջ 11 միլիոնը նախանշված էր այլ ծրագրերի համար:
Հայաստանն Արցախին միացնող Վարդենիս-Մարտակերտ այլընտրանքային ճանապարհի ընդհանուր արժեքը 31-32 միլիոն դոլար է, 10 միլիոն դոլար համահայկական ջանքերով արդեն փոխանցվել է ճանապարհի կառուցմանը, մոտ 4 միլիոն դոլարն էլ տրամադրել է ՀՀ կառավարությունը Հայաստանի մասը կառուցելու համար: Ճանապարհն ավարտին հասցնելու համար հարկավոր է շուրջ 17 միլիոն ԱՄՆ դոլար: