Հինգշաբթի առավոտյան ԱՄԷ-ում մոլեգնել է ավազահողմ, որի պատճառով Աբու-Դաբիի և Դուբայի օդանավակայաններում չվերթները հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել: Այս մասին հայտնում է Emirates ինտերնետ-պորտալը:
Աբու Դաբիում հետաձգված չվերթներով 30 ինքնաթիռներ թռիչքներ են իրականացրել Պարսից ծոցի երկրներից: Հաղորդվում է, որ դրանք Սաուդյան Արաբիայից, Բահրեյնից, Քուվեյթից, Կատարից և Օմանից չվերթներն են: Վատ տեսանելիության պատճառով ձգձգումները վերաբերել են էմիրաթական Etihad ավիաընկերությանը, ինչպես նաև հարավային Աֆրիկայի, Վիետնամի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Քենիայի, Ճապոնիայի և Սեյշելյան կղզիների ավիափոխադրողներին: Ներկայումս նույնպես փոփոխություններ են կատարվում չվերթների ժամանակացույցում, ավազահողմի պատճառով տեսանելիության բարելավում առայժմ չկա:
Դուբայի օդանավակայանը ևս ուղևորներին կոչ է արել ժամանակացույցին հետևել իր կայքում. որոշ չվերթներ չեղարկվում են կամ հետաձգվում: «Փոփոխություններ կան DXB և DWC օդանավակայանների ժամանակացույցում՝ այդ շրջանում վատ եղանակի պատճառով»,- ասվում է օդանավակայանի թվիթերյան էջի հաղորդագրության մեջ:
Հարևան Կատարում և Սաուդյան Արաբիայում վատ եղանակի պատճառով հինգշաբթի օրը փակվել են մասնավոր և պետական դպրոցներ, ինչպես նաև որոշ բարձրագույն ուսումնական հաստատություններ:
ԱՄԷ-ի Օդերևութաբանության և սեյսմոլոգիայի ազգային կենտրոնը զգուշացրել է «500 մետրից պակաս վատ տեսանելիության մասին՝ ուժեղ քամու պատճառով, որը փոշոտ փոթորիկ է առաջացնում», և վարորդներին կոչ է արել մեծ զգուշություն դրսևորել ճանապարհներին, իսկ ԱՄԷ-ի բնակիչներին՝ խուսափել լողափ գնալուց: