Դեկտեմբերի 11-ին միջազգային գրեթե բոլոր ԶԼՄ-ները հաղորդեցին, որ ամերիկյան Time հանդեսը «Տարվա մարդ» կոչման է արժանացրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։ Այս կապակցությամբ բրիտանական The Telegraph պարբերականը որոշել է ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացնել մեկ տասնյակից ավելի մարդկանց, ովքեր տարբեր տարիների արժանացել են այս կոչմանը։
Առաջին անգամ The Time-ը «Տարվա մարդ» է հայտարարել 1927 թվականին. տվյալ անձը եղել է ամերիկացի օդաչու Չարլզ Լինդբերգը, ով առաջին անգամ միայնակ հատել է Ատլանտյան օվկիանոսը:
ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը միակ ամերիկացի նախագահն է, ով «Տարվա մարդ» է ճանաչվել 3 անգամ՝ 1932, 34 և 41 թթ.։
Ուոլիս Սիմփսոնը «Տարվա մարդ» է ճանաչվել 1936թ., երբ Մեծ Բրիտանիայի արքայազն Էդվարդը հանուն այս կնոջ հրաժարվել է գահից ու ամուսնացել նրա հետ։ Թագավորական ընտանիքից ոչ ոք ներկա չի գտնվել նրանց հարսանիքին։
Որքան էլ զարմանալի է՝ Time ամսագիրը «Տարվա մարդ» կոչմանն է արժանացրել նաևԱդոլֆ Հիտլերին։ Դա տեղի է ունեցել 1938թ., երբ եվրոպական մի շարք պետությունների առաջնորդներ, այդ թվում նաև Հիտլերը, հանդիպել են Մյունխենում Եվրոպայի նոր քարտեզը գծելու համար։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը «Տարվա մարդ» է ճանաչվել 2 անգամ՝ 1940 և 49թթ.։ Time-ը նրան բնութագրել է որպես «իր երկրի փրկիչ, ով այն մարդն էր, որը հարկավոր էր Միացյալ Թագավորությանը Երկրորդ աշխարհամարտի տարիներին»։
Սևամորթների իրավունքների պաշտպանության ոլորտում առաջամարտիկ Մարթին Լյութեր Քինգը «Տարվա մարդ» է ճանաչվել 1963թ., երբ Վաշինգտոնում ասել է իր հանրահայտ «Ես երազանք ունեմ» (I Have a Dream) ճառը։
1968թ. Time-ը «Տարվա մարդ» կոչումը շնորհել է միանգամից 3 մարդու՝ «Ապոլլոն - 8» լուսնային առաքելության անդամներ Ֆրենկ Բորմանին, Ջեյմս Լովելին և Ուիլիամ Էնդերսին, ովքեր առաջին անգամ Երկրից Լուսին թռիչք կատարեցին և ապահով վերադարձան։
ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչյովն իրականացրած բարեփոխումների, սառը պատերազմին վերջ տալու ու Խորհրդային միությունը փլուզելու համար 1987թ. ճանաչվել է «Տարվա մարդ», իսկ 1989թ. կրկին Time հանդեսի կողմից ճանաչվել է «Տասնամյակի մարդ»։
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը «Տարվա մարդ» է ճանաչվել 2000 և 2004թթ., ինչը, սակայն, շատ իրարամերժ կարծիքներ է առաջացրել հանրության շրջանում։
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի հիմնադիր ու գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը 2010թ. ճանաչվել է «Տարվա մարդ»։ Այդ ժամանակ Հարվարդի շրջանավարտն ընդամենը 26 տարեկան էր, սակայն՝ արդեն միլիարդատեր։ Ներկայում նրա կարողությունը գնահատվում է 19 մլրդ դոլար։
ԱՄՆ 44-րդ և առաջին սևամորթ նախագահ Բարաք Օբաման Time-ի կողմից «Տարվա մարդ» է ճանաչվել 2 անգամ՝ 2008 և 2012թթ.։
Դե իսկ այս տարվա «Տարվա մարդը» բոլորին հայտնի է՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով պաշտոնավարման շատ կարճ ժամանակահատվածում կարողացել է ամբողջ աշխարհում փոխել Կաթոլիկ եկեղեցու իմիջը դեպի լավը։