Այսօր՝ մայիսի 7-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոսելով այն մասին, թե պատրաստ է արդյո՞ք անձամբ ինքը համակերպվել ընդդիմություն լինելու մտքի հետ, նշեց, որ այն մարդը, ով մտել է քաղաքականություն և որոշել է ամբողջ կյանքում լինել իշխանություն, չի մտել քաղաքականության մեջ, այլ մտել է իր հետաքրքրությունների համար. «Բնականաբար պատրաստ ենք: Որևէ մեկը չգիտի, թե երբ կլինի իշխանություն, երբ՝ ընդդիմություն: Եթե մենք մեր քաղաքական մտահոգությունները պահպանելով գնում ենք այդ ճանապարհով (նկատի ունի Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը չխոչընդոտելու ճանապարհը), պատրաստ ենք նաև ընդդիմություն լինել: Մենք որևէ անգամ չենք խանգարելու մեր պետության հեռանկարային շահերին, վտանգի տակ չենք դնելու մեր երկրի անվտանգությունը: Ի տարբերություն մեր նախորդ ընդդիմությունների, մենք պատրաստ ենք տեսնել լավը»:
Հարցին, թե ճիշտ են արդյո՞ք տեղեկությունները, որ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու են օլիգարխները, իսկ քաղաքական թևը դեմ է քվեարկելու, Բաղդասարյանն ասաց, որ այսօր տեղի է ունենալու գործադիր մարմնի նիստ, ապա խմբակցության նիստ. «Բոլոր քվեարկությունները լինելու են քաղաքական որոշման արդյունք: Մենք ենք որոշելու, մեր որոշումից շեղումներ չեն լինելու»:
Գործադիր մարմնի նիստը վարելու է Սերժ Սարգսյանը, իսկ վայրի մասով որոշումը դեռ կայացված չէ:
Ինչ վերաբերում է հիմա կոալիցիայից դուրս եկած Դաշնակցության կողմից տարբեր հարցերի մասով նշվող անհանգստություններին, Բաղդասարյանն ասաց, այդ մասին նրանք պետք է խոսեին մինչև հուշագիրը ստորագրելը, նրանք դրա հնարավորությունն ունեցել են: