Հասարակություն 

ՀՀԿ-ն Քոչարյանի հետ կլինի. գրեթե վստահ է Գալուստ Սահակյանը - armtimes.com

Մամուլի Ազգային ակումբի երեկվա հյուր, «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ՀՀԿ առաջին անդամն էր, որը  հայտարարեց, թե ՀՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններում, ըստ ամենայնի, պաշտպանելու է գործող նախագահի թեկնածությունը.

 «Եթե նոր որակներ կան նախագահին պաշտպանող, որոնք կարող են սեթեւեթել՝ մենք 97-ից Վազգեն Սարգսյանի թեւի մեջ ենք եւ կարող ենք ասել, որ մենք նախագահի հետ համընթաց գնում ենք առաջ: Եւ շատ հավանական է, որ մենք կպաշտպանենք նրան: Ռոբերտ Քոչարյանի հետ ՀՀԿ-ն որոշակի պայմանավորվածություններով քայլում է առաջ, եւ անհատի իմ անձնական վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ շատ դրական է, դրսեւորումները՝ նույնպես: ՀՀԿ-ն շատ ուշ է որոշում, բայց եթե որոշում է՝ գնում է մինչեւ վերջ»-, երեկ հայտարարեց Գալուստ Սահակյանը: Իսկ երբ լրագրողներից մեկը հարցրեց, թե ՀՀԿ-ն չի՞ վախենում միշտ գործող նախագահին սատարելով վերածվել ՀՌԱԿ-ի, Սահակյանը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը մեր անկախության առաջին նախագահն է, նրան ես պաշտպանում եմ եւ հարգում եմ որպես առաջին նախագահի եւ որպես Ղարաբաղյան խնդրի լուծողի»:

Այդուհանդերձ, եթե նախագահական ընտրությունները լինեն այս կիրակի, ո՞ւմ թեկնածությունը կպաշտպանի անձամբ Գալուստ Սահակյանը. «Այդ հարցը կարելի է տալ Մանուկ Գասպարյանին, Խորեն Թռչունիչին, բայց ոչ երբեք Գալուստ Սահակյանին»,- ասաց վերջինս՝ հայտարարելով, որ 11 հազար անդամ ունեցող հանրապետականների մեջ նախագահի շատ թեկնածու կա, ինչո՞ւ չէ՝ նաեւ հենց ինքը:

Ինչ վերաբերում է հանրապետականների եւ վարչապետի դեմ «սարքված» արշավին, որը ցուցադրվեց համայնքների միության համագումարում, ապա Գալուստ Սահակյանը շատ լավ գիտի, թե դա ով է հրահրել, բայց որպեսզի ներքաղաքական լարվածությունն ավելի չշիկանա՝ չի ասի. «Դա իշխանական որոշ թեւի կողմից ձախողված փորձ էր, որի ուղղվածությունը վարչապետի եւ հանրապետականների դեմ էր. անուններ չեմ ուզում տալ, բայց  դա բովանդակային մի ձեւ էր, որ մտածել էին որոշ պետական չինովնիկներ, որը, սակայն, տեղում խեղդվեց»,- ասաց ՄԱԱ հյուրը: Իսկ մեր այն հարցին, թե համաձայն որոշ լուրերի, նշյալ շոուն կազմակերպված էր Ալեքսան Հարությունյանի կողմից, վերջինս պատասխանեց. «Ավելի խորքեր կան, քան դուք եք մտածում»:

Ի դեպ, Գալուստ Սահակյանը մեզ խոստացել էր խոր վերլուծություն անել եւ հասկանալ՝ ի վերջո, պատգամավոր ծեծած Գիզիրյանի պաշտոնն իջեցրե՞լ են, թե՞ բարձրացրել: Երեկ վերջապես նա հայտարարեց. «Ի՞նչ եք հասկանում պատժել ասելով՝ կարծես մահապատիժ պիտի լիներ: Երեւանի ՆԳ վարչության պետը փոխնախարարի կարգավիճակ ուներ, իսկ Գիզիրյանը հիմա ընդամենը մեկ վարչության պետ է»,- ասաց «Միասնության» ղեկավարը:

Իսկ նորաստեղծ ընդդիմադիր քաղաքական միավորմանը «Միասնության» ղեկավարը լուրջ չի վերաբերում, չնայած կարծում է, որ 16 թիվը հնչեղ է. «Իհարկե, կարելի էր սարքել 20 կամ, ավելի լավ է՝ 36: Աբսուրդ է, թե նրանք ինչ գաղափարախոսությամբ պիտի առաջնորդվեն: Նրանք չեն էլ կարողանալու ընտրել միասնական թեկնածու, որովհետեւ բոլորն էլ միասնական թեկնածուի գավազանը կարող են վերցնել»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ իր կուսակցության անունից երաշխավորելով, որ ՀՀԿ-ն, առաջիկա բոլոր ընտրություններում, լինելու է արդար եւ թափանցիկ ընտրությունների երաշխավորը:

Նաիրա Զոհրաբյան

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2002 թվականի սեպտեմբերի 4-ի համարում

Նույն շարքից