Քաղաքական 

ՀՀ Զինված ուժերում առաջընթացն ակներև է. Ս. Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ «Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք» թեմայով այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկած գիտագործնական կոնֆերանսի ժամանակ ասաց, որ պետք է ապրել ոչ թե տարբեր պաշտամունքերի թելադրանքով, այլ պահպանել ու զարգացնել հայի մշակույթն ու ազգային նկարագիրը, ապա ավելացրեց, որ աղանդները բացասաբար կարող են ազդել զինուժի վրա։

 

«Չեմ ուզում մտածել ինչ կարող է կատարվել մարտական դիրքում, եթե այնտեղ կանգնած զինվորի հավատամքն այլ լինի: Չեմ ուզում պատկերացնել, թե ինքնասպան եղած աղջկա ինքնասպանության լուրը ինչ կարող է առաջացնել զիվորի հոգում, որին նա սպասում էր»,- ասաց նա։

 

Նախարարն իր ելույթում նկատեց, որ ՀՀ Զինված ուժերում առաջընթացն ակներև է, իսկ զարգացումն իրենք ամենօրյա աշխատանքի արդյունքում ապահովում են: «Նաև ուշադիր ենք բացասական երևույթների, հոսանքների ու պաշտմունքերի տարածման նկատմամբ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իրականում պարտադիր զինապարտության սկզբունքը որդեգրած երկրներում բանակը դառնում է հասարակության կողմից չմարսված միջավայր:

 

Նախարարի խոսքով՝ Հայաստաում այսօր գործում են շուրջ յոթ տասնյակ գրանցված կրոնական կազմակերպություններ, յոթ տասնյակ էլ երևի չգրանցված կան: Եվ այսօր հրավիրել են նման գիտաժողով՝ այդ խնդրի շուրջ քննարկումներ իրականացնելու, պարզաբանելու և նաև լուծումներ տալու համար:

 

«Ես միշտ էլ ասել և այսօր էլ ասում եմ, որ գտնում եմ, որ նրանց պետք է մենք մեր ետևից տանենք»,- ընդգծեց՝ ավելացնելով, որ անհանդուրժելի է, որ Արցախյան ազատամարտն անցած ժողովուրդն այսօր տեղի է տալիս կիսաքրեական երևույթներին:

 

Գիտաժողովին մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչներ, գիտակրթական ոլորտի և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

 

Գիտաժողովի մասով Սեյրան Օհանյանը նշեց, որ այդպիսով ՊՆ-ն նպատակ է դրել խնդրին առնչվող բոլոր կառույցների ներկայացուցիչների հետ հասկանալ խնդիրը, իրենց նպատակների ու գործողությունների իրականացումը համապատասխանեցնել երկրի օրենսդրությանը:

Նույն շարքից