Հայաստան 

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ Սահմանադրության օրվա առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ուղերձում ասվում է հետևյալը։


«Սիրելի՛ հայրենակիցներ,


Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:


Մեր երկրի Մայր օրենքն արտահայտիչն է մեր ժողովրդի ընտրած ուղու՝ ազատ, ժողովրդավարական հասարակություն և սոցիալական ու իրավական պետություն կառուցելու ճանապարհի: Անկախության ձեռքբերումից ի վեր կատարվել է հսկայական աշխատանք, մենք հասունացել ենք որպես հասարակություն, ամրացել որպես պետություն:


Երկրի քաղաքական կյանքում եղել են նույնիսկ ճգնաժամային իրավիճակներ, բայց անգամ այդ դեպքերում Սահմանադրությունը դրսևորել է իր կենսունակությունը և բացահայտել մարտահրավերները հաղթահարելու հնարավորությունները:


Այս ընթացքում հասունացել է նաև երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը: Առանց սահմանադրական նոր բարեփոխումների դրանք չեն կարող լինել ամբողջական և համընդգրկուն: Այսօր սահմանադրական բարեփոխումների նոր առաջարկներն ակտիվորեն քննարկվում են մասնագետների և շահագրգիռ անհատների ու կազմակերպությունների կողմից:


Սիրելի՛ հայրենակիցներ,


Կրկին շնորհավորում եմ ձեզ պետական նշանակալի տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիս, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամեն օր իրականացվի սրբությամբ և անշեղորեն ծառայի քաղաքակիրթ ապրելակերպի ու զարգացման նպատակներին»:

Նույն շարքից