Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ասաց, որ ՀՀ-ում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%, կանանց շրջանում՝ 3-4%:
«Համաձայն վիճակագրական տվյալների` Երևանի կանանց շրջանում տարիքային խմբեր կան, որոնց մինչև 7-8%-ը ծխող է: Վերջին տասը տարվա ընթացքում տղամարդկանց շրջանում առկա է ծխախոտի օգտագործման նվազման միտում. եթե 1999թ-ին ծխախոտ օգտագործում էին տղամարդկանց` 64%-ը, ապա այսօր՝ 50 %-ը: Սակայն սա ևս բարձր ցուցանիշ է և, իհարկե, մտահոգող»,- ասաց նա:
Ալեքսանդր Բազարչյանի խոսքով՝ Հայաստանում դեռահասների շրջանում ծխախոտի օգտագործումը ավելի հուսադրող է, քան այլ, այդ թվում՝ հարևան երկրներում:
«Սակայն դա չի կարող մեզ հանգստացնել: Հայաստանում հիմնականում ռիսկային են 15 տարեկանները: Դեռահաս տղաների 6 տոկոսն է ծխախոտ օգտագործում, իսկ աղջիկների՝ մոտ 1 տոկոսը։ Մեր երեխաները բավականին երկար են մնում ծնողի հսկողության տակ: 18-ից հետո բուհ ընդունվելիս կամ բանակ ծառայության գնալիս նրանք դուրս են գալիս ծնողի հսկողության տակից և սկսում ծխախոտ օգտագործել: Դա է պատճառը, որ Հայաստանում ծխախոտի օգտագործման պիկն սկսվում է 18 տարեկանից հետո»,- նշեց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը:
Մասնագետը անդրադարձավ նաև ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդացություններին և մահացության ցուցանիշներին՝ ասելով, որ այսօր սրտանոթային, շնչառական համակարգի ու քաղցկեղային հիվանդությունների, մասնավորապես՝ թոքի քաղցկեղի 80-85 %-ը պայմանավորված է ծխախոտի երկարատև՝ 15-25 տարի և ավելի օգտագործմամբ:
Նրա խոսքով, ծխելու դեմ պայքարի 5 հիմնական մեխանիզմ է օգտագործվում.
1. Ծխելու վնասակարության մասին իրազեկում;
2. Ծխախոտի գովազդի արգելում;
3. Հասարակական վայրերում ծխելու սահմանափակում, այսինքն պաշտպանություն երկրորդական ծխի ազդեցությունից;
4. Հարկային քաղաքականություն. ծխախոտի վրա հարկերի ավելացում, ինչի հետեւանքով թանկանում է ծխախոտը;
5. Բուժական օգնություն ծխողներին եւ ծխելը թողնել ցանկացողներին։
Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ Հայաստանում քայլեր են ձեռնարկվում բոլոր հինգ ուղղություններով, բայց ոչ բոլոր ուղղություններով են դրանք արդյունավետ։
«Մենք արդեն որոշակի ձեռքբերումներ ունենք, ինչը չի կարելի է ասել հանրային վայրերում ծխելու սահմանափակման մասին։ Մինչդեռ, հաջողության կարելի է հասնել միայն բոլոր հինգ ուղղություններով հետեւողական աշխատանքի շնորհիվ»,- ասաց նա: