Հասարակություն 

ՀՀ-ում հիվանդացության ու մահացության հիմնական պատճառները սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը և շաքարային դիաբետն են

Հայաստանում է գտնվում Առողջապահության համաշխարահային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի գրասենյակի թիմի անդամ Ջիլ Ֆարինգթոնը:  Այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում մեկ շաբաթվա աշխատանքի արդյունքում ի մի բերված նախնական տպավորությունները ներկայացնելիս, նշեց, որ Հայաստանում հիվանդացության ու մահացության հիմնական պատճառները սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը և շաքարային դիաբետն են, որոնց հաղթահարման ուղղությամբ արդեն իսկ մշակվել և իրականացվում են ռազմավարական ծրագրեր։

Այդ հիվանդությունների ռիսկի հիմնական գործոններն են ծխելու շատ մեծ տարածվածությունը հատկապես տղամարդկանց շրջանում, անառողջ սնունդը, ճարպակալումը, նստակյաց կենսակերպը։ Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:

Մտահոգություն է հայտնվել, որ թեև սրտանոթային հիվանդություններով պայմանավորված մահացության ցուցանիշը Հայաստանում ավելի ցածր է, քան հետխորհրդային շատ երկրներում, սակայն շարունակում է բարձր մնալ եվրոպական տարածաշրջանի միջին ցուցանիշից։

Գնահատման նպատակով ԱՀԿ թիմը ուսումնասիրություններ է կատարել Երևանի, ինչպես նաև Արագածոտնի և Արարատի մարզերի բժշկական կազմակերպություններում` առաջնորդվելով համակարգված մոտեցումներով։ Արդյունքները հնարավորություն են տվել պատկերացում կազմել ղեկավարման, առաջնային օղակում հիվանդություների կանխարգելման, բուժօգնության որակի ապահովման և առողջապահության ֆինանսավորման ոլորտներում իրականացվող ծրագրերի, դրանցից ակնկալվող արդյունքների, ինչպես նաև առկա խնդիրների մասին։

Նույն շարքից