ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ՀՀ անկախության 24-ամյակի կապակցությամբ նախարարության դահլիճում կոչումներ և պարգևներ է հանձնել հայկական սպորտում ներդրումներ ունեցած և ձեռքբերումներ գրանցած մի շարք անձանց,- հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:
Նախարարի հրամանով ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալի է արժանացել Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Շնորհակալություն հայտնելով Հ. Դեմոյանին «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» մենագրության համար, Գ. Ղազարյանը կարևորել է գրքում զետեղված և հայկական սպորտի պատմությանը վերաբերվող բացառիկ տեղեկատվությունը և հեղինակի կատարած մեծածավալ աշխատանքը: «Ծանոթանալով գրքին` մեծ ուրախությամբ բացահայտեցի, որ դրան պարոն Դեմոյանը հատուկ հոգատարությամբ և պատասխանատվությամբ է մոտեցել՝ ապագա սերունդներին ներկայացնելով հայկական սպորտի պատմության անհայտ էջերը»,- իր խոսքում ասել է Գ. Ղազարյանը:
Նախարարի հրամանով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչմանն են արժանացել և համանուն կրծքանշանով պարգևատրվել մարզաշխարհի մի քանի ներկայացուցիչներ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը, ակրոբատիկայի Հայաստանի հավաքականի մարզիչ Էդուարդ Ալագյոզյանը, սեղանի թենիսի Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Ղարիբյանը և ՀՀ վաստակավոր մարզիչ Ռուբիկ Մովսեսյանը:
Այնուհետև նախարարը «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչում է շնորհել՝
1. Համլետ Մնացականյանին (ծանրամարտ)
2. Լևոն Մանուկյանին (ծանրամարտ)
3. Վոլոդյա Սարգսյանին (սամբո)
4. Արթուր Բաղդասարյանին (ազատ ոճի ըմբշամարտ)
5. Արման Դարչինյանին (բռնցքամարտ)
6. Արամ Ջուլֆալակյանին (հունա-հռոմեական ըմբշամարտ)
7. Արշակ Գասպարյանին (հունա-հռոմեական ըմբշամարտ)
8. Գայանե Չիլոյանին (աթլետիկա)
9. Տիգրան Մկրտչյանին (աթլետիկա)
10. Արտաշես Երանոսյանին (ակրոբատիկ մարմնամարզություն)
11. Դավիթ Կրատյանին (սպորտային պարեր)
12. Կարեն Գևորգյանին (սպորտային պարեր)
13. Թագուհի Մարկոսյանին (սպորտային պարեր)
14. Արևհատ Բաղդասարյանին (վոլեյբոլ):
Շնորհավորելով ներկաներին կոչումների և պարգևների արժանանալու կապակցությամբ, նախարարը նշել է, որ մարզաշխարհի հայ ներկայացուցիչների ձեռքբերումները և հաղթանակները հպարտանալու առիթ են հանդիասնում հայ ժողովրդի համար: «Մշտապես հիշեք, որ դուք Հայաստանի Հանրապետությունն եք ներկայացնում: Դա մեծ պատիվ է յուրաքանչյուրիդ համար, և այդ փաստին պետք է մեծ պատասխանատվությամբ ու պատվախնդրությամբ մոտենալ: Վստահ եմ, որ հետագայում բոլորս առիթ ենք ունենալու լսել ձեր ավելի բարձր նվաճումների մասին»,- ասել է Գ. Ղազարյանը: